Հինգշաբթի, 25 Հունվարի 2018 18:52
Նաիրա Բադալյան

JICA նախագահ. Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու

JICA նախագահ. Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու

Արմինֆո.Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ: 
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: 


Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար: Նա ներկայացրել է նաև 2017 թ. Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները:


Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Անդրադառնալով 2017թ. Հայաստանում արձանագրված արդյունքներին և միտումներին՝ Շինիչի Կիտաոկան դրանք բավականին տպավորիչ է համարել: 


Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ տեխնիկատնտեսական հաշվետվություն (feasibility study) իրականացնելու վերաբերյալ, որի նպատակն է լինելու ոլորտը համաշխարհային արժեքային շղթայի հետ կապելը, ինչը կնպաստի հայկական գյուղարտադրանքի արտահանման ուղիների դիվերսիֆիկացմանը: 
Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ: