Արմինֆո. Հունվարի 24-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը՝ ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության կարևրությունը և առկա մեխանիզմների միջոցով կհետևի համաձայնեցված օրակարգի իրականացման գործընթացին:
Նա մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները, ընդգծելով, որ Հայաստանը կարևրում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀԿ արդյունավետության, ինչպես նաև կազմակերպության դերի և հեղինակության բարձրացումը:
Աշոտ Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաև կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, ոլորտային երկխոսության գործընկերների և գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը:
Նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է Հայաստանում և կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումներ:
Նիստից հետո հայկական նախագահությունը ՍԾՏՀԿ կենտրոնակայանում կազմակերպել է ընդունելություն:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |