Երեքշաբթի, 30 Հունվարի 2018 19:13
Դավիթ Ստեփանյան

Ֆինանսների նախարարը Եվրահանձնաժողովի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ֆինանսների նախարարը Եվրահանձնաժողովի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արմինֆո. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները: Պատվիրակությունը  գլխավորել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

 

Կողմերն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին, նախանշել են հետագա անելիքներն ու քննարկել դրանց իրականացման մոտեցումները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Վարդան Արամյանը կարևորել է կողմերի միջև արդյունավետ գործընկերության զարգացումը. «Մենք մշտապես փորձում ենք առավելագույն արդյունքի հասնել մեր համակարգված և հետևողական աշխատանքի միջոցով և բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցության դերն այդ հարցում», - ասել է Վարդան Արամյանը:

 

Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ կարևոր է կողմերի միջև ակտիվ երկխոսության պահպանումն ու հետագա խորացումը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպես մասնավոր հատվածի խթանման, այնպես էլ ընդհանուր ներդրումների մասով: Պետք է գնահատել ներկա վիճակն ու առաջնահերթություններ սահմանել` որդեգրելով իրատեսական և թափանցիկ գործելաոճ»,- ընդգծել է նա:

 

Հանդիպման ավարտին կողմերն ամփոփել են քննարկման արդյունքներն ու պայմանավորվածություն ձեռք բերել երկկողմ համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ: