Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018 14:20
Նաիրա Բադալյան

Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը

Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են  մթերումների կազմակերպմանը, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, մթերման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարցեր:

 

Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին սկսել գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, որպեսզի նրանք վստահ լինեն, որ իրենց արտադրանքը երաշխավորված կերպով կմթերվի: Միաժամանակ առաջարկել է ակտիվորեն աշխատել ֆինանսական կառույցների հետ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար, որպեսզի մթերման սեզոնի մեկնարկին վարկերն արդեն հաստատված լինեն, և մթերումների դիմաց վճարումների կատարումն ընթանա սահուն և առանց ուշացումների:

 

Տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է վերամշակողներին ներկայացնել իրենց անհրաժեշտ սարքավորումների ցանկը:

 

Նշենք, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկո­սա­դրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է, և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան

տոկո­սադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վար­­կերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Ծրագ­րից կարող էին օգտվել պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները: Պիլո­տային ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային պորտֆելը նախատեսվել էր  շուրջ 2.4 մլրդ դրամ, յուրա­քան­չյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամ:

Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Ամերիաբանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերսբանկը,  Հայբիզնեսբանկը,  Հայէկոնոմբանկը, Պրոմեթեյ բանկը, Բիբլոս Բանկ Արմենիա և ՎՏԲ Հայաստան բանկերն ու ՓՄՁ ներդրումներ և Քարդ ԱգրոԿրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունները: