Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018 14:44
Նաիրա Բադալյան

Առաջարկություններ կներկայացվեն չօգտագործվող պետական անշարժ գույքը ներդրումային ծրագրերի իրականացմանը տրամադրելու համար

Առաջարկություններ կներկայացվեն չօգտագործվող պետական անշարժ գույքը ներդրումային ծրագրերի իրականացմանը տրամադրելու համար

Արմինֆո. Պետական գույքի կառավարման վարչության կողմից գույքագրվել է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, որոնց մի մասը փաստացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ և մասնակի: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:   

«Միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ՝ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացըե,-նշել է կառավարության ղեկավարը։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1- ամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմնի ենթակայության՝ պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք: Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ամփոփել 1-ին կետով ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ներկայացված գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ օգտագործման տրամադրման կամ դրանց օտարման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ: