Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018 17:21
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս բանկը ձեռնամուխ է եղել գյուղվարկավորման սուբսիդավորմանը

Կոնվերս բանկը ձեռնամուխ է եղել գյուղվարկավորման սուբսիդավորմանը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը  և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

«Մենք մարզերից ունենք օպերատիվ տեղեկատվություն, որ գյուղացիական տնտեսությունները հետաքրքրված են ծրագրերով, պայմաններ են ճշտում, դիմում են բանկերին»,-նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով` օր օրի աճում է  նաև  ծրագրով հետաքրքրված կապալառու կազմակերպությունների թիվը, որոնք պատրաստակամություն են հայտնում հանդես գալ որպես կառուցապատող ընկերություններ:

 

Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

 Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները  կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:  

 

«Այս համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Կոնվերս բանկին ավելի մատչելի ֆինանսավորում կատարել փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար»,-նշել է Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ տեղեկացնելով, որ բանկի մասնաճյուղերը հասանելի են ՀՀ ամբողջ տարածքում:

Վահե Հարությունյանը իր հերթին նշել է, որ ծրագրի նկատմամբ  խոշորագույն բանկերի հետաքրքվածությունը պայմանավորված է նրանով, որ դրանք նպատակային և պրակտիկ են:

 

Նշենք, որ մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի, «Ինեկոբանկ»-ի, «Արմսվիսբանկ»-ի և  «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի հետ:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, գյուղատնտեսական վարկերի ծավալը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 147.8 մլրդ դրամ կամ 309 մլն դոլար, տարեկան անկումը`4.4%, իսկ 2017 թվականի 9 ամիսներին`2%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հանդես է գալիս որպես գյուղատնտեսական վարկերի աննախադեպ առաջատար, ընդգրկելով ընդհանուր ծավալների 47%-ը (կամ 69,5 մլրդ դրամ), իսկ Կոնվերս բանկի մասնաբաժինը կազմում է 3,5% կամ 5,2 մլրդ դրամ (տարեկան աճը`48,6%):