Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2018 21:58

Հայաստանի և Ճապոնիայի միջև ստորագրվել է «Ներդրումների ազատականացման, խթանման և պաշտպանության մասին» միջկառավարական համաձայնագիր

Հայաստանի և Ճապոնիայի միջև ստորագրվել է «Ներդրումների ազատականացման, խթանման և պաշտպանության մասին» միջկառավարական համաձայնագիր

Արմինֆո.Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ստորագրման արարողությանը ներկաներին ուղղված իր խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ասաց. «Անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանա­գիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Հայաստանի և Ճապոնիայի հարաբերություններն ան­ցել են զարգացման նշանակալի ճանապարհ, որի ընթացքում երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումն, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ հարաբերությունների առավել ակտիվացման համար»:

 

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և Հայաստանը պատրաստ Է համատեղ ջանքերով այն լիակատար օգտագործել: ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպա­նության մասին համաձայնագիր է ստորագրում, և մենք դա բարձր ենք գնահատում՝ համոզված լինելով, որ այս փաստաթուղթը նոր խթան կարող է հանդիսանալ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրի շրջանառությունը 2017 թվականի վերջին կազմել է 81.5 մլն դոլար`տարեկան 56.7% աճով: Մասնավորապես, ներմուծումն աճել է 56.9%, կազմելով 81.1 մլն դոլար, իսկ արտահանումը`29.6%, մինչեւ 491.7 հազար դոլար: