Հինգշաբթի, 15 Փետրվարի 2018 15:55
Մարիաննա Մկրտչյան

Դեսպան. Բեռնափոխադրումների անվտանգության ապահովման հարցը միշտ եղել է Բելառուսի ուշադրության կենտրոնում

Դեսպան. Բեռնափոխադրումների անվտանգության ապահովման հարցը միշտ եղել է Բելառուսի ուշադրության կենտրոնում

Արմինֆո.«Բոլոր տեսակի փոխադրամիջոցների միջև կապերի ամրապնդումը` կայուն զարգացման բնագավառի նպատակների իրագործան համար՚ բանաձևը, որն առնչվում է տրանսպորտի միջոցով ազգերի միջև կապերի ամրապնդմանը, արժանի է ամենաբարձր գնահատականի: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը` ՄԱԿ-ում Թուրքմենստանի նախաձեռնած «Բոլոր տեսակի փոխադրամիջոցների միջև կապերի ամրապնդումը` կայուն զարգացման բնագավառի նպատակների իրագործան համար՚ բանաձևի ընդունմանը նվիրված ճեպազրույցում: Նա հիշեցրել է, որ այդ նախաձեռնությանը միացել է 75 պետություն, այդ թվում` Բելառուսը: «Գտնվելով Եվրոպայի կենտրոնում`  Բելառուսը չի կարող զերծ մնալ հաղորդակցություններին առնչվող հարցերից: Ուստի Բելառուսը միշտ հատուկ ուշադրություն է հատկացրել հենց հաղորդակցություններին, ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին: Շատ կարևոր է անվտանգ, աշխատանքային վիճակում պահել այդ ցանցերը, ընդ որում, ավելացնել նոր հզորություններ` բեռների և ուղևորների մեծացող հոսքերը հաղթահարելու նպատակով՚, - ասել է դիվանագետը, հավելելով, որ բեռնափոխադրումների անվտանգության ապահովման հարցը միշտ եղել է Բելառուսի ուշադրության կենտրոնում:

 

Նազարուկը նաև հիշեցրել է, որ Բելառուսը ԵԱՏՄ լիիրավ մասնակից է, որն ունի ելք արևմտյան ուղղությամբ, ընդգծելով ԵԱՏՄ երկրների համար ապրանքների անխափան,  արագ և անվտանգ փոխադրումն ապահովելու կարևորությունը:  

 

Բելառուսի դեսպանը կարևորել է նաև խողովակաշարային փոխադրումները և դրանց անվտանգությունը: «Եվս մեկ կարևոր բաղադրիչ է օդային հաղորդակցությունը՚, - նշել է դեսպանը` կարևոր գործոն համարելով օպտիմալ լոգիստիկայի կազմակերպումն ու ծախսերի կրճատումը, սպասարկման օպերատիվությունը:  «Երևանն ունի լավ միջազգային օդանավակայան` «Զվարթնոցը՚, ուր ինքնաթիռներ են ժամանում աշխարհի տարբեր անկյուններից, ինչը հեշտացնում է ժողովուրդների, գործարար շրջանակների, պետական կառույցների միջև հաղորդակցությունը: Եվ ես վստահ եմ, որ որքան շատ լինեն ուղևորների սպասարկման նման հանգույցները, այնքան ավելի ամուր կլինեն մեր կապերը: Գլոբալիզացիայի, սահմանների առավելագույն բաց լինելու դարում կարևոր է չփակվել՚, - եզրափակել է Բելառուսի դեսպանը: