Հինգշաբթի, 15 Փետրվարի 2018 19:46
Ալինա Հովհաննիսյան

Գերմանիան, Կանադան և Հունգարիան հետաքրքրված են հայկական գինիներով

Գերմանիան, Կանադան և Հունգարիան հետաքրքրված են հայկական գինիներով

Արմինֆո.Թեպետ 2018 թվականը նոր է մեկնարկել, սակայն գինեգործության  ոլորտում նոր հաջողություններ արդեն գրանցվել են: Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ:

 

«Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են հայկական գինեգործությամբ:  Կարծում եմ, որ հետագայում կունենանք պայմանագրեր արտահանման ուղղությամբ»,- նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

 

Գինու ոլորտի մասնագետները համոզված են, որ առաջիկայում հայկական գինին իր ուրույն տեղն է զբաղեցնելու աշխարհի գինու քարտեզի վրա: Նրանք նաև հույս ունեն, որ զուգահեռաբար Հայաստանում էլ ավելի կզարգանա գինի խմելու մշակույթը:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում 2017 թվականին արտադրվել է 8,8 մլն լիտր գինի, իսկ արտահանումն ավելացել է 30%: Հայաստանի մաքսային ծառայության վերջին տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կեսին արտահանվել է 1,2 մլն լիտր գինի, տարեկան աճը`61%, իսկ մաքսային արժեքի աճը`84,3%, մինչև 4,7 մլն դոլար: Արտահանման 80% -ից ավելին (1 մլն լիտր) բաժին է ընկնում է ռուսական շուկային: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 68.1%: