Ուրբաթ, 16 Փետրվարի 2018 11:47
Նաիրա Բադալյան

Իսպանական Cobra ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով

Իսպանական Cobra ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով

Արմինֆո. էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն  ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերության տարածաշրջանային   տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոյի գլխավորած   պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը,

նախարարը դրական է գնահատել իսպանական ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցության պատրաստակամությունն ու դրանց զարգացման հեռանկարները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեխանդրո Ռոդրիգոն  Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և խոսել զարգացման  առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ  էներգետիկայի  բնագավառում համագործակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 300 մասնաճյուղեր ունեցող   «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը գործունեություն է  ծավալում  նաև էներգետիկայի  բնագավառում, մասնավորապես՝  մասնագիտացած է հիդրոկայանների,  արևային կայանների,   էլեկտրահաղորդման գծերի կառուցման գործում: Ալեխանդրո Ռոդրիգոն նշել է, որ   ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով: Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել հիդրոկայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք  բերվել, որ համապատասխան ֆինանսավորման դեպքում, հայկական կողմը ևս կարող է մասնակիցներ ներգրավել նախագծում։

 

Մեկ շաբաթ առաջ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին`  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստան կայցելի Իրանի պատվիրակությունը, որի հետ կքննարկվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը: Նրա խոսքերով, քննարկվելու է ոչ միայն ապագա ՀԷԿ-ի կառուցվածքը, այլ նաև ծրագրի ֆինանսավորման սխեման: «Հայկական կողմը խնդիր է դրել կառուցել այս կայարանը, դա բավականին մեծ ներդրումային ծրագիր է, որը ներառում է նոր մասնակիցների», - ընդգծել էր փոխնախարարը, հույս հայտնելով, որ այս տարի սպասվում են դրական արդյունքներ: Նա ընդգծել էր, որ սկզբում նախատեսվում էր կառուցել 130 ՄՎտ հզորոթյամբ հիդրոէլեկտրակայան, 800 մլն կվտ / ժամ արտադրական հզորությամբ: Սակայն, վերջին 10 տարիների ընթացքում Արաքս գետի ջրերը ենթարկվել են տեխնոլոգիական  փոփոխություններիլ: «Ուստի, չի բացառվում թվերի և ծավալների հերթական փոփոխությունները», - հայտարարել է Հայկ Հարությունյանը: Նախկինում Մեղրիի ՀԷԿ-ը համարվում էր հայ-իրանական խոստումնալից համատեղ ծրագիր: Թեև կողմերը հասել էին նախագծի վերջնական փուլին և շինարարության մեկնարկը հայտարարել դեռ 2012-ի նոյեմբերից, աշխատանքները դեռ չեն սկսվել` պատժամիջոցների առնչությամբ Թեհրանի հնարավորությունների սահմանափակման պատճառով: Եթե ​​նախագիծն ավարտվի, կայանը կդառնա ամենախոշորն Անդրկովկասում: Նախագծի համաձայն,  323 մլն դոլար արժողությամբ շինարարությունը ֆինանսավորելու է իրանական ներդրումային ընկերությունը: Հայաստանն իր մասը կվճարի արտադրվող էլեկտրաէներգիայով, իսկ 15 ​​տարի հետո կայանը կփոխանցվի հայկական կողմին: Առայժմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները չեն կարողանում շարժվել մեռյալ կետից, իսկ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական կապերը կտրուկ աշխուժացան: Իրանի խորհրդարանը հաստատել է Ադրբեջանի հետ երկու հիդրոէլեկտրակայանների համատեղ շինարարության նախագիծը, որն առնչվում է Արաքս գետի մոտ Իրանի Մրազադ և Արդբեջանի Օրդուբադ քաղաքներում ՀԷԿ-երի կառուցմանը:

 

ԱրմԻնֆո գործակալությունը հաղորդել էր, որ  այդ նախագծի իրագործման դեպքում ջրի ծավալը կարող  է չբավարարել Մեղրիի ՀԷԿ համար: Ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը  հայտարարել էր, որ էկոլոգիական խնդիրների առնչությամբ, որոնք առնչվում են Արաքսի ջրի ծավալի նվազմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային մասում Թուրքիայի կողմից ջրառին, հարկ է եղել  վերանայել այդ նախագիծը`  հզորության նվազեցման առումով: Եթե ի սկզբանե նախատեսվում էր կառուցել երկու  կայան (Մեղրիում և Ղարաչիլարում (Իրան)` յուրաքանչյուրը 130 ՄՎտ և տարեկան շուրջ 850 մլն կՎտ ընդհանուր արտադրությամբ, ապա այժմ դիտարկվում է 100 ՄՎտ հզորության տարբերակը: Այդ առնչությամբ փոխվել է նաև թունելի տրամագիծը, որով անցնելու է ջուրը երկու ՀԷԿ-երի միջև: