Շաբաթ, 17 Փետրվարի 2018 12:17
Նաիրա Բադալյան

«Բելավիա» ավիաընկերությունը 2018 թ. մարտից վերսկսում է Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները

«Բելավիա» ավիաընկերությունը 2018 թ. մարտից վերսկսում է Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները

Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ փետրվարի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բելառուսական ավիաընկերության կողմից դեպի ՀՀ չվերթների վերսկսման և թռիչքների հաճախականության ընդլայնման, ինչպես նաև հայկական ավիաշուկայում ավիաընկերության դիրքերի ամրապնդման հեռանկարները:

Դեսպան Նազարուկն իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն օդային փոխադրումների ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և զարգացման գործում:

Գլխավոր վարչության պետը ողջունել է «Բելավիա» ավիաընկերության կողմից 2018 թվականի մարտի 25-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթների վերսկսումը՝ ակնկալելով ավիաընկերության կողմից երթուղիների զարգացման նոր ծրագրերի իրականացում: Հանդիպումը եզրափակվել է հետագա համագործակցության պայմանավորվածությամբ: