Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018 15:34
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը քարտապանների համար գործարկում է USSD ծառայությունը

Կոնվերս Բանկը քարտապանների համար գործարկում է USSD ծառայությունը

Արմինֆո. Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ՝ առանց Բանկ այցելելու կամ զանգահարելու, օգտվել բանկային որոշ ծառայություններից:  Ինտերնետ հասանելիություն ևս  չի պահանջվում: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:

«USSD ծառայությունը  մատչելի է և դրանից օգտվելու համար  հավելյալ ունակություններ հաճախորդներից չի պահանջվում: Այն Կոնվերս Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչև 5 գործարքների քաղվածքը, ինչպես նաև օրվա ցանկացած ժամի արգելափակել քարտը:  Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բջջային հեռախոսից ուղարկել *116# հրամանը  և հետևել հրահանգներին».- նշել են Բանկում: 

Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել ԱՐՔԱ համակարգի անդամ հանդիսացող, ակտիվացված USSD ծառայությամբ բանկերի՝ առավելագույնը 5 քարտ:

Ծառայության դիմաց բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ  հավելյալ գանձում չի կատարում: 

«Ներկայումս Կոնվերս Բանկի այս ծառայությունը հասանելի է Հայաստանի Բիլայն և Վիվասել ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար: Քայլեր են ձեռնարկվում նաև այլ օպերատորի հաճախորդների համար նման  ծառայության ներդրման ուղղությամբ»,- եզրափակել է աղբյուրը:

Մանրամասները և ծառայության սակագները՝ https://conversebank.am/hy/sms-converse-ussd/ հղումով:

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company «Blakery Assets» LTD: