Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Իրաքի Հանրապետության հարկային պետական մարմնի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասինե համաձայնագրի ստորագրման հնարավորությանը:
Կրկնակի հարկման համաձայնագրի ստորագրման համար հիմք է հանդիսացել Իրաքի հետ առևտրաշրջանառության տեսակարար կշռի ավելացումը, որը կազմել է 2.7%: Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ այն բավականին մեծ ցուցանիշ է, և նախատեսվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ առաջնորդվել այս հանգամանքով: «Իրաքի Հանրապետությունն այն բացառիկ երկրներից է, որի դեպքում ներմուծում-արտահանում հաշվեկշռի տեսանկյունից արտահանման ծավալները գերազանցում են ներմուծումներին, այսինքն՝ Իրաքի Հանրապետության համար մենք առավելապես արտահանող երկիր ենք»,- ասել է Անանյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ միայն արտահանման ծավալները չեն, որ նպաստում են կրկնակի հարկման համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագրի ստորագրումը, ըստ ՀՀ ֆինանսների նախարարաի տեղակալի, երկու երկրներին էլ գործարար կապերի առումով ավելի հավասարակշռված հարկային դաշտ է խոստանում: Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ փետրվարի 19-22-ը նախատեսված բանակցությունները հանդիսանում են նախաստորագրման փուլ, և նրանց ավարտից հետո տեղի կունենա համաձայնագրի միջպետական ստորագրումը:
Նշենք, որ այսօր Հայաստանը համանման պայմանագրեր ունի 47 երկրների հետ, վերջինը կնքվել է վերջերս` Իսրայելի հետ: Այդ համաձայնագրերի նպատակը կրկնակի հարկման բացառումն է երկու պետությունների միջև արտաքին առևտրում, կողմերի տնտեսավարող սուբյեկտների հարաբերություններում հարկային խտրականություն թույլ չտալը, գույքի և եկամուտների կրկնակի հարկման բացառումը, ինչպես նաև բիզնեսի համար կանխատեսելի և կայուն հարկային միջավայրի ստեղծումը: ՀՀ կառավարության 2017-2022 թվականների նոր ծրագիրը, տնտեսական ներուժի և մակրոտնտեսական կայունության աստիճանաբար ավելացման, միջպետական առևտրի և միջսահմանային գործարքների խթանման շրջանակներում, 2019-2022 թվականներին նախատեսում է պայմանագրերի կնքում առնվազն 5 երկրների հետ: