Ուրբաթ, 23 Փետրվարի 2018 14:21
Էմմանուիլ Մկրտչյան

ԵԱԶԲ-ն կանխատեսում է 2018 թ. Հայաստանի ՀՆԱ 3% աճ

ԵԱԶԲ-ն կանխատեսում է 2018 թ. Հայաստանի ՀՆԱ 3% աճ

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը 2018 թվականին ակնկալում է անդամ երկրներում տնտեսական աճի դրական տեմպեր և ՀՆԱ 2,2% ավելացում: Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 3%, Բելառուսում՝ 2,6%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղըզստանում՝ 4,2%, Ռուսաստանում 2%, Տաջիկստանում՝ 7,3%: Այդ մասին ասվում է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետի խմբի կողմից պատրաստված մակրոտնտեսական զեկույցում:

2017 թվականի արդյունքներով արձանագրված ինֆլյացիայի ցածր մակարդակը

(ընդհանուր առմամբ ամբողջ տարածաշրջանում շուրջ 3 %) 2018 թվականին կավելանա մինչև 4 %, բայց կմնա կենտրոնական/ազգային բանկերի նպատակային կողմնորոշիչների շրջանակներում: 2018 թ. արդյունքներով ինֆլյացիան Հայաստանում կանխատեսվում է 3.4 % մակարդակի վրա (աճ դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ), Բելառուսում՝ 6%, Ղազախստանում` 5.8 %, Ղրղըզստանում՝ 4,7%, Ռուսաստանում ՝3.8%, Տաջիկստանում՝ 6.1 %:

Զեկույցում նշվում է, որ 2017 թվականին ԵԱԶԲ անդամ երկրների տնտեսությունն ադապտացվել է արտաքին բացասական պայմաններին և դրական տնտեսական աճի ուղի դուրս եկել: Հաջորդ մի քանի տարվա խնդիրը տարածաշրջանի տնտեսության ավելի կայուն և բարձր տնտեսական աճն է:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ԵԱԶԲ անդամ երկրներն աճի դրական տեմպեր են արձանագրում՝ արտաքին պայմանների բարելավման, մոնետար քաղաքականության աստիճանական մեղմացման և ֆիսկալ խթանների պատճառով:

2017  թ. արդյունքներով, տարածաշրջանի ՀՆԱ աճը կազմել է 1,8%՝ 2016թ. 0,1%-ի համեմատ: Դիտվում է փոխադարձ առևտրի վերականգնում: Եվրասիական տնտեսական միության ապրանքաշրջանառության ծավալը 2017 թ. հունվար-նոյեմբերին կազմել է 48,8 մլրդ ԱՄՆ դոլար կամ 126,4%՝ 2016 թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ: Որոշակի հաջողություններ է գրանցում մոնետար քաղաքականությունը: Ինֆլյացիան 2017 թվականին ռեկորդային ցածր մակարդակի է հասել Բելառուսում՝ 4,6%՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, Ռուսաստանում՝ նուն ժամանակշրջանի համեմատ 2,5%: Տարածաշրջանի մնացած երկրներում ինֆլյացիան չի գերազանցել սահմանված նպատակային կողմնորոշիչներին:

«Բյուջետային կանոնների արդյունավետ աշխատանքը թույլ կտա տարածաշրջանի առաջատար տնտեսություններին թուլացնել արժութային կուրսի կախվածությունը նավթի գներից և կնպաստի ԵԱԶԲ մասնակից-պետությունների փոխադարձ արժութային կուրսերի կայունացմանը»,- ընդգծել է ԵԱԶԲ գլխավոր

տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:

Հատուկ մակրոզեկույցը նվիրված է ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրին, որի շրջանակներում դիտվում է նոմինալ ծավալների աճ, կառույցի դիվերսիֆիկացիայի բարձրացում և հումքային ուղղվածության նվազում: Զեկույցի հեղինակների կարծիքով, այդ ամենը վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ ապրանքների և ծառայությունների միասնական շուկան սկսում է տնտեսական շահաբաժիններ տալ: Ըստ որում, փոխադարձ տնտեսական համագործակցությունը, ի թիվս այլ բաների, կենտրոնացած է ներճյուղային առևտրի զարգացման վրա, ինչը թույլ կտա վերջինիս տնտեսական աճի դրայվերներից մեկը դառնալ: