Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` քննարկելու հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները: Ինչպես հաղորդում է ՏԶՆՆ մամուլի ծառայությունը, նախարարը և դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ-իրանական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված արդյունքներին և ձեռնարկված քայլերին, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները։
Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ երկու երկրների կողմից մուտքի արտոնագրի վերացումը նպաստում է ոչ միայն զբոսաշրջության աճին, այլև տնտեսվարողների գործնական այցելություններին՝ խթանելով բիզնես կապերը։ Ըստ դեսպանի՝ նպաստավոր գործոն է նաև Հայաստան մուտք գործող մարդատար մեքենաների համար տուրքի վերացումը։
Նախարար Կարայանը և դեսպան Սաջադին քննարկել են Հայաստանում իրանական բիզնեսի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև Մեղրու ազատ տնտեսական գոտում իրանական բիզնեսի ներգրավման և խրախուսման տարբերակները։ Նշվել է նաև, որ կարևոր է ուղղորդել հայ արտադրողին՝ մուտք գործելու և հաստատվելու իրանական շուկայում։
Սուրեն Կարայանը Սեյեդ Քազեմ Սաջադիին հանգամանալից ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք կձեռնարկվեն Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների համար Նովրուզի տոների ընթացքում։
Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում ընդգծել է․ «Մենք մշտապես եղել ենք Իրան-ԵԱՏՄ տնտեսական կապերի սերտացման ջատագովը։ Ներկայումս էլ շարունակում ենք աշխատանքներն այդ ուղղությամբ։ Ցանկանում եմ վերահատատել, որ մենք պատրաստ ենք բարեկամ Իրանի տնտեսվարողների համար արդյունավետ հարթակ հանդիսանալ դեպի Եվրասիական միության շուկա»:
Հավելենք, որ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 263,4 մլն դոլարի` 10,1% տարեկան աճով: Արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում արտահանումը կազմել է 84,1 մլն դոլար` 11,8% աճով, իսկ ներմուծումն ավելացել է 9,3%-ով` հասնելով179,3 մլն դոլար ցուցանիշի:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |