Արմինֆո. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին:
Ինչպես հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ծրագրի նպատակն է – Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ դեպի համաշխարհային շուկա արտահանող երկիր, դարձնելով նաև նորարարական լուծումների տարածաշրջանային հանգույց:
Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3 հա մակերեսով հողամասը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտում առկա է զգալի չիրացված ներուժ, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է հանդիսանում արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը: ՀՀ-ում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50 տոկոսը նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից:
Արդյունքում նախատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում:
Ինչպես նշված է որոշման նախագծում, ծրագրի իրականացումը կնպաստի տեխնիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում, որը, իր հերթին, կբարձրացնի երկրի տնտեսության մրցունակությունը և արտադրողականությունը: Ավելի վաղ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել էր ԱրմԻնֆո-ին որ ինժեներական քաղաքը կկառուցվի Երևանում, Բագրևանդում, 3 հեկտար տարածքում: Նա նշել է, որ ծրագրի նախնական արժեքը կկազմի մոտ $ 20 մլն., իսկ կառուցման համար ներդրումները կտրամադրվեն շուրջ 16 մասնավոր ընկերությունների կողմից: Միևնույն ժամանակ, նա ընդգծել էր, որ երկու խոշոր միջազգային ընկերությունները շահագրգռված են Երևանի ինժեներական քաղաքում իրենց հետազոտական կենտրոնները ստեղծելու հարցում: Այդ առումով նա նշել էր Philipp Morris և Աբու Դաբիի մեկ ընկերության անուննները: Ենթակառուցվածքների պատրաստման գործում կօժանդակի ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկի հետ համատեղ: Նշվել էր, որ Ինժեներական քաղաքը հավաքելու է մոտ 30-35 ընկերությունների, իսկ ավելի քան 50 ընկերություններ կարող են դիմել աքսելերատորներին: Փորձագետի կարծիքով, ամենից արժեքավորը կլինի նոր համակարգային ինժեներիայի ֆակուլտետի հիմնումը, որը թույլ կտա զարգացնել համագործակցությունը կրթություն-մասնավոր հատված ձևաչափով: Քաղաքը կունենա լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ, որոնք ապահովված կլինեն թանկարժեք սարքավորումներով, որոնց միջոցով ուսանողները կկարողանան հարստացնել իրենց գիտելիքները: