Ուրբաթ, 2 Մարտի 2018 11:35
Նաիրա Բադալյան

Հայաստանի տրանսպորտի նախարարությունում քննարկել են Բելառուսի ընկերությունների հետ համագործակցության հեռանկարային նախագծերը

Հայաստանի տրանսպորտի նախարարությունում քննարկել են Բելառուսի ընկերությունների հետ համագործակցության հեռանկարային նախագծերը

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 1-ին հյուրընկալել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին բելառուսական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղված են ճանապարհաշինության, սպասարկող տեխնիկայի արտադրության և տրանսպորտային համակարգերի ավտոմատացման ոլորտներում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ քննարկման ընթացքում և հաջորդիվ կուրվագծվեն համագործակցության ուղիներ այս ոլորտներում: Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում ճանապարհաշինական և տրանսպորտային բարեփոխումներին վերաբերող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, նշել այն ուղղությունները, որով հնարավոր է գործակցություն բելառուսական ընկերությունների հետ:

 

Մասնավորապես, նա անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքներ պարունակող 70կմ-անոց հատվածի շիննախագծին, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով: 

 

Նախարարն առաջնահերթ ընդգծել է միասնական տրանսպորտային ցանցի ներդրման նախագիծը, որը կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը: 

 

Հյուրերը ներկայացրել են բելառուսական ընկերության նախագծած համակարգը, որով ուղևորավարձի վճարումը լիովին ավտոմատացված է. աշխատում է քարտային՝ առանց կոնտակտի սկզբունքով, հնարավորություն է տալիս ղեկավարել երթուղիները և մեծացնել դրանց արդյունավետությունը: Ընկերությունը առաջարկում է ոչ միայն ծրագրային լուծում, այլև տրանսպորտի կահավորման համար անհրաժեշտ սարքավորումներ: 

 

Նախարարը բելառուսական ընկերություններին առաջարկել է մասնակցել օպերատորի ընտրության մրցույթին: 

 

Զրույցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 2-ին հանդիպում կազմակերպել պատվիրակության և հայաստանյան շահագրգիռ ընկերությունների հետ:

 

Հավելենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջտանառությունը 2017 թվականին կազմել է 44,6 մլն դոլար` 21,5% տարեկան աճով: Ընդ որում, արտահանումւ նվազել է 48,3%-ով, մինչև 6,9 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 61,7%-ով` մինչև 37,7 մլն դոլար: