Արմինֆո. Փետրվարի 28-ից մարտի 12-ը Հայաստանում է Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակի պատվիրակությունը: Այսօր պատվիրակության անդամներին ընդունել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով կոմիտեի շուրջ մեկ ու կես տարվա իրականացրած բարեփոխումներին, պատվիրակության անդամները փաստել են տեսանելի և տպավորիչ արդյունքների մասին՝ բարձր գնահատելով եկամուտների շարունակական աճը, կոմիտեի կառուցվածքային օպտիմալացման միջոցառումները և այդ համատեքստում աշխատանքների կազմակերպման նոր գործելաոճը: ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ փոփոխությունների իրականացման հիմքում դրվել է բիզնեսի համար առավելագույն հարմարավետ միջավայրի ապահովման սկզբունքը: Վարդան Հարությունյանի խոսքով՝ առաջիկա երկու-երեք տարում ՊԵԿ վարչարարությունն ուղղվելու է եկամուտների թերհայտարարագրման, իրացման շրջանառությունների ֆիքսման, հարկերից խուսափելու գործելաոճի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, և այդ համատեքստում մեծապես կարևորվում է վարչարարական այնպիսի գործիքակազմի կիրառումը, որն առավելագույն արդյունք կապահովի՝ միաժամանակ աննկատ մնալով բիզնեսի համար: ՊԵԿ նախագահն ակնկալում է արդյունավետ համագործակցություն ԱՄՀ-ի հետ. «Մենք շատ վճռական ենք տրամադրված, որպեսզի Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ ներդրումների համար բարենպաստ եղանակ կստեղծվի, որի ձևավորման հարցում հարկային քաղաքականությունը կարևորագույն գործիք է», -նշել է ՊԵԿ նախագահը:
ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների հետ հանդիպումների արդյունքում՝ ԱՄՀ պատվիրակությունը նախատեսում է առաջիկա երկու-երեք տարում տեխնիկական աջակցություն ցուցաբերել կոմիտեին՝ նախատեսվող բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու գործում: Կողմերը երկուստեք ընդգծել են համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |