Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումը տարբեր ոլորտներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկն ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունն է: Այդ առումով Կարեն Կարապետյանը ողջունել է Լիոնի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ քաղաքաշինության, տնտեսական համագործակցության և զբոսաշրջության ոլորտներում:
«Հուսով եմ՝ այս օրերին առիթ ունեցել եք ավելի լավ ծանոթանալու Հայաստանում ներդրումներ անելու առավելություններին: Ֆրանսիական, այդ թվում՝ Լիոնի ընկերությունները, կարող են օգտվել մեր երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ունեցած արտոնյալ ռեժիմներից»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Լիոնի բիզնեսը կմասնակցի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովին: Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապրիլի 19-ից Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար:
Ժորժ Կեպենեկյանը վարչապետին է ներկայացրել Երևանի հետ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները և նշել.«Մենք պատրաստ ենք երկու քաղաքների միջև բացել համագործակցության նոր՝ առարկայական ու պրագմատիկ էջ»,- ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ ավելացնելով, որ այցի ընթացքում քննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության 2018-2020 թվականների ծրագիրը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, նորարարության և այլ ոլորտներում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |