Երեքշաբթի, 6 Մարտի 2018 19:51
Նաիրա Բադալյան

Վարչապետ. Տեղեկություններ կան, թե դեղատոմսերը դեղատների դիմաց գրում և լրացուցիչ գումարի դիմաց տրամադրում են

Վարչապետ. Տեղեկություններ կան, թե դեղատոմսերը դեղատների դիմաց գրում և լրացուցիչ գումարի դիմաց տրամադրում են

Արմինֆո. Դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգն աստիճանաբար ներդնելու  նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան  որոշում: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ըստ այդմ՝ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ համապատասխան որոշման գործողությունը կկասեցվի մինչև 2018 թ. հոկտեմբերի 1-ը,  իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թ. հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր,  hակամիկոբակտերիային դեղեր,  hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերի:

 

Ըստ հիմնավորման՝ բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ  բոլոր դեղատոմսային դեղերի համար որոշման միաժամանակ կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:

 

Վարչապետը հորդորել է առողջապահության նախարարությանը լինել ուշադիր գործընթացի ժամանակ, քանի որ անգամ տեղեկություններ կան, թե դեղատոմսերը դեղատների դիմաց գրում և լրացուցիչ գումարի դիմաց տրամադրում են. «Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա», նշել է վարչապետը: