Արմինֆո. Արագածոտնի մարզի Արագած համայնքում մարտի 23-ին բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը, որը հիմնվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից տրամադրված շուրջ 7,000 եվրո դրամաշնորհի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, արտադրամասի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը, Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեն, Արագած համայնքի բնակիչներ և այլ հյուրեր:
«ԱՐԱԳԱԾ. քաղցր և համեղ» արտադրատեսակները պատրաստվելու և վերամշակվելու են էկոլոգիապես մաքուր մթերքներից, պտուղներից և հատապտուղներից։ Այստեղ մասնավորապես նախատեսվում է արտադրել ազնվամորու, բալի, տանձի, դդմի ու սալորի մուրաբաներ և հյութեր, արտադրողականությունը կհասնի օրական մինչև 100 կգ-ի: Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման, այլև համայնքի ֆերմերների գյուղմթերքն իրացնելու համար:
ԳԴՀ դեսպան Բերնհարդ Քիսլերն իր խոսքում նշել է, որ ուրախ են ֆինանսավորել վերամշակման արտադրամասի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կօգնի ֆերմերներին ավելացնել իրենց եկամուտները: Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ տվյալ տարածաշրջանի համար կարևոր է բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանն անցումը, և Գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինությունը կաջակցի ֆերմերներին արդյունավետ կազմակերպել ազնվամորու մշակությունը լարասյունային համակարգով, իսկ բերքի շրջանում կաջակցի իրացման հարցում: Խմբի անդամները հույս են հայտնել, որ «Քաղցր Արագածե-ի արտադրանքով առավել ճանաչելի կդարձնեն իրենց համայնքը:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |