Արմինֆո. Ապրիլի 7-8–ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կընթանա «Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները» հեքեթոն: Մարտի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գլխավոր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նրա հավաստմամբ, արդեն մասնակցության հայտեր են ներկայացրել Հայաստանի մարզերի 60 թիմեր: «Առաջին անգամ մենք փորձում ենք մեկ հարթակում միավորել երկու զարգացող ոլորտ, ինչը թույլ կտա ստանալ ոչ միայն հետաքրքիր, այլև գործուն լուծումներ, որոնք կնպաստեն Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ու երկրի գլոբալ մրցունակության բարձրացմանը՚, - ընդգծել է նա:
Ենգիբարյանի ասելով, մրցույթը կընթանա դասական հեքեթոնների ձևաչափով: 24 ժամվա ընթացքում 2-3 հոգուց բաղկացած թիմերը կաշխատեն ստեղծել և մշակել գաղափարներ, ապրանքներ, լուծումներ` ապահովելով միջազգային և տեղական մասնագետների խորհրդատվությունն ու աջակցությունը: Ժյուրին կորոշի 3 հաղթող թիմերը, որոնք ԵՄ ծրագրի (SMEDA) ֆինանսական աջակցությամբ կստանան դրամական պարգևներ` 2 մլն դրամի, 1,2 մլն դրամի և 750 հազար դրամի չափով (համապատասխանաբար` 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար): «Որոշակի չափանիշներ չկան, մենք չենք ցանկանում որևէ սահմանափակում դնել մեր մասնակիցների առջև: Սակայն կհաղթեն այն թիմերը, որոնք, ժյուրիի գնահատականի համաձայն, կներկայացնեն Հայաստանում համանմանը չունեցող գործուն լուծումներ՚, - ընդգծել է նա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն, իր հերթին, նշել է, որ հեքեթոնի անցկացման գաղափարը ծագել է Հայաստան ուղևորություններ կազմակերպելիս զբոսաշրջիկների կողմից թվանշանային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տվյալների դիտարկման հիման վրա: «Այսօր մենք ունենք շատ հետաքրքիր վիճակագրական տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների 45 տոկոսը տեխնոլոգիաներ են կիրառում իրենց ճանապարհորդությունը ծրագրելու համար, որոնց 30 տոկոսը հյուրանոցների համարներ են ամրագրում առցանց ռեժիմով: Հետևաբար, մենք պետք է աշխատենք այնպիսի նորարարական լուծումների ստեղծման ուղղությամբ, որոնք հնարավոր զբոսաշրջիկին թույլ տան ավելի շատ հետաքրքիր տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին և ճիշտ կազմակերպել իրենց ուղևորությունը: Իրականում, այսօր զբոսաշրջության առջև լուրջ խնդիրներ են կանգնած նորարարական տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից՚, - նշել է Զեյթունցյանը: Նա ընդգծել է, որ Պետական կոմիտեն պատրաստ է համագործակցել բոլոր թիմերի հետ, որոնք կներկայացնեն զբոսաշրջության զարգացմանն առնչվող հետաքրքիր գաղափարներ` անկախ մրցանակային տեղերից: Համանման պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը, ում համոզմամբ, զբոսաշրջության ոլորտում ՏՏ ներդրման միջոցով կհաջողվի ուժեղացնել այդ երկու ուղղությունները: «Կցանկանայինք հեքեթոնում ակտիվորեն ներգրավել մասնակիցների երկրի մարզերից, որոնք, վստահ եմ, կներկայացնեն հետաքրքիր լուծումներ՚, - նշել է գերատեսչության ղեկավարի տեղակալը: Նա տեղեկացրել է Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ աշխատանքային ծրագիր մշակելու մտադրության մասին, ընդգծելով, որ դեռևս հինական խնդիրը մնում է Հայաստանի ճանաչելիության մեծացումն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա:
Հավելենք, որ հեքեթոնը իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Հայտերը ներկայացնելու վերջին ժամկետն ապրիլի 2-ն է: