Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմի թիմը՝ Արժույթի միջազգային հիմնադրանի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, մարտի 14-28-ի ընթացքում այցելել է Երևան՝ Հայաստանի հետ ԱՄՀ հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, Հոսեյն Սամին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ «աշխատակազմի թիմը ողջունում է համապարփակ բարեփոխումների օրակարգ
իրականացնելու կառավարության մտադրությունը, որին օժանդակում է 2017-22
թթ. զարգացման ծրագիրը /կառավարության 5-ամյա զարգացման ծրագիր-խմբ./:
Օրակարգը, ինչպես մատնանշել է առաքելության ղեկավարը, համապատասխանաբար նպատակադրում է ավելի բարձր և ավելի ներառական աճի խթանումը: «ԱՄՀ-ի օժանդակությամբ հնարավոր նոր ծրագիրը կօգնի կառավարությանը՝ իրագործելու միջին եկամտով դիվերսիֆիկացված տնտեսություն դառնալու Հայաստանի տեսլականը»,- նշել է նա:
Հոսեյն Սամիի խոսքով, կողմերը արդյունավետ քննարկումներ են անցկացրել 2018 թ. մնացած ժամանակահատվածում և միջնաժամկետ հեռանկարում
քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ: «Լավ առաջընթաց է
գրանցվել բարեփոխումների առաջնահերթությունները և
քաղաքականությունները բնորոշելու ուղղությամբ՝ մակրոտնտեսական և
հարկաբյուջետային կայունության պահպանման համար: Քննարկումները
կշարունակվեն առաջիկա ամիսներին»,- նշել է նա:
Այցի ընթացքում թիմը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի,
փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Ֆինանսների նախարար Վարդան
Արամյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, Տնտեսական
զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Պետական
եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի, ինչպես նաև այլ
բարձրաստիճան պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության,
մասնավոր հատվածի և միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ: Թիմը
շնորհակալություն է հայտնում իշխանություններին՝ համագործակցության և
հյուրրընկալության համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) 1992թ. ապրիլի 28-ին` համաձայն «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով 2009թ. կնքված համաձայնագրով ԱՄՀ կողմից Stand-by Arrangement ծրագրի շրջանակներում տրամադրվել է 127,6 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ, իսկ հետագայում` «Երկարաժամկետ վարկային գործիքե (Extended Credit Facility (ECF)) ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև 2010թ. և 2012թ. կնքված համաձայնագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է ընդհանուր 101.8 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ: Ներկայումս շարունակվում է արդյունավետ համագործակցությունը ԱՄՀ-ի հետ:
ԱՄՀ-ն ծրագրային աջակցություն է տրամադրել 2014 թ.-ից մինչեւ 2017 թվականը Հայաստանում «Երկարաժամկետ ֆինանսավորման» (EFF) ծրագրի շրջանակներում: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանում «Երկարաժամկետ ֆինանսավորման» ծրագրի իրականացման չորրորդ ամփոփիչ ստուգումները, որի արդյունքում հիմնադրամը հավանություն տվեց Հայաստանին 15.65 միլիոն SDR (21.24 մլն.դոլար) տրամադրմանը: Այսպիսով, ինչպես նշվում է ԱՄՀ զեկույցում, ֆինանսավորման ընդհանուր ծավալը հասցվել է 66,52 մլն. SDR-ի կամ մոտ 90,28 մլն դոլարի:
2017 թ. մայիսին ԱրմԻնֆո-ին հարցազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հայտնել էր, որ Հայաստանը մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ շարունակել համագործակցությունը՝ տնտեսական և սոցիալական ոլորտի բարեփոխմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով: Ավելի վաղ, ապրիլին Հայաստան կատարած այցի ընթացքում ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին հայտարարել էր, որ վերջին ամփոփման արդյունքում Հայաստանի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ էության, կատարվել են: «ԱՄՀ թիմի վերջին ամփոփման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքն ընդունելի է կազմակերպության համար և գնահատվում է «բավարար», - հայտարարել էր նա:
Միաժամանակ անցած տարվա հունիսին Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Չժան Թաու Զանգը, Հայաստանին շնորհավորելով ԱՄՀ-ին երկրի անդամության 25-ամյակի առիթով, նշել էր, որ Հայաստանի տնտեսության դիֆերսիֆիկացումը և արդիականացում շարունակելու անհրաժեշտության մասին: «Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանն էական առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական կայունության ամրապնդման հարցում, որը վերաբերում է տնտեսական աճի բավարար տեմպերին, գնաճի վերահսկմանը և համեմատաբար լավ կառավարվող հարկաբյուջետային իրավիճակին»,- ասել էր նա:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ 2017-2022 թթ. Հայաստանի կառավարությունը նպատակադրում է զարգացած երկրների նկատմամբ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` միջին հաշվով ՀՆԱ շուրջ 5 տոկոսի չափով, արտահանման աճի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, երկրի մրցունակության չնվազման պայմաններում անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովում: Կառավարությունը մտադիր է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի, ինչպես նաև բարելավել դիրքերը ՀԲ Doing Business վարկանիշում՝ հասնելով 25-րդ հորիզոնականի: