Արմինֆո. Beeline-ը հայտարարում է արտասահմանյան զանգերից տուժած հաճախորդներին փոխհատուցում տրամադրելու մասին։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, փոխհատուցվելու են բոլոր բաժանորդների կորուստները, ովքեր մարտի 23-ին և 24-ին զանգեր են ստացել արտասահմանից և հետ են զանգահարել՝ կորցնելով գումար։
«Beeline-ի համար շատ կարևոր է բաժանորդների անվտանգությունն ու ապահովությունը, և մենք ամեն բան անում ենք իրենց շահերի պաշտպանության համար։ Սակայն նման խարդախությունները մենք չենք կարող կանխարգելել, քանի որ դրա համար ստիպված կլինենք սահմանափակել արտասահմանյան զանգեր կատարելու բաժանորդների հնարավորությունը։ Այժմ, հոգ տանելով մեր բաժանորդների մասին՝ մենք որոշել ենք մեզ վրա վերցնել այս հարվածը և փոխհատուցել նրանց կորուստները։ Եվս մեկ անգամ հորդորում եմ բոլորին ուշադիր լինել և խուսափել անծանոթ համարներին զանգահարելուց», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ վերջերս՝ առավելապես մարտի 23-ին և 24-ին Beeline-ի բաժանորդները դրամաշորթների կողմից զանգվածային զանգեր են ստացել արտասահմանից, իսկ հետ զանգահարելու դեպքում նրանց հաշվից գանձվել են խոշոր գումարներ։
Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս խուսափել անծանոթ համարներին զանգահարելուց։ Ավելի մանրամասն բջջային ցանցում և ինտերնետում անվտանգության կանոններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://beeline.am/customers/security
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: