Արմինֆո. Հայաստանի գործադիր մարմինների ղեկավարները հաշվետվություն կներկայացնեն 2018 թվականի առաջին եռամսյակում իրենց գործունեության մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է 15-օրյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. 1-ին եռամսյակի համար նախատեսված միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումներն ու դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Ինչպես նաև տեղեկատվություն ներկայացնել նշված ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ, ելնելով Սահմանադրության պահանջից, առաջիկայում կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: «Օգտվելով առիթից՝ բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»,- դիմելով նախարարներին ասել է վարչապետը՝ հորդորելով շարունակել աշխատանքը նույն տեմպով ու եռանդով:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին: Նույն օրը լրանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, և կառավարությունը պետք է հրաժարական տա: Ապրիլի 17-ին խորհրդարանը նոր վարչապետ կընտրի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |