Արմինֆո. Germania Airlines (GA) ընկերությունը գործարկել է Երևան-Բեռլին-Երևան ուղիղ չվերթը: Առաջին թռիչքը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Հայաստանում GA պաշտոնական ներկայացուցիչը Sidon Travel տուրիստական ընկերությունն է:
Նախօրեին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Sidon Travel-ի սեփականատեր, Հայաստանում Պորտուգալիայի պատվավոր հյուպատոս Սեմ Սամուելյանը նշել է Երևանից Բեռլին ուղիղ թռիչքի բարձր պահանջարկի առկայությունը: «Չունենալով Երևանից ուղիղ չվերթներ՝ միայն անցած տարի Հայաստան է այցելել 8 հազար քաղաքացի: Ուղիղ չվերթների գործարկմամբ մենք ակնկալում ենք հյուրերի թիվն ավելացնել մինչև 30 հազար մարդ»,- ասել է նա: Sidon Travel-ի ղեկավարի խոսքով, Երևանի և Բեռլինի միջեւ ուղիղ ավիաչվերթը երկամյա բանակցությունների արդյունքն է, որոնց հաջողությանը նպաստել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, երկու երկրների դեսպանատները, «Բիզնես Հայաստան» հիմնադրամը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:
Ինչպես շնորհանդեսի ընթացքում պատմել է Sidon Travel-ի տնօրեն Լիլիթ Գևորգյանը, գերմանական ավիաընկերության սպիտակ-կանաչ ինքնաթիռները չվերթներ կիրականացնեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: Երկու ուղղությամբ մեկ ավիոտոմսի արժեքը կազմում է 338 եվրո: Թռիչքի տևողությունը 4 ժամ 25 րոպե է: Նա պատմել է, որ չվերթներն իրականացնելիս ընկերությունն ուղևորներին առաջարկում է ավիատոմսերի արժեքի մեջ մտած ծառայությունների համալիր փաթեթ՝ ուտեստներ, զովացուցիչ ըմպելիքներ, ամսագրեր և մինչև 25 կգ ուղեբեռ: Տոմսերը կարելի է ձեռք բերել նաև flygermania.com կայքի միջոցով կամ Երևանի տուրիստական գործակալություններում:
Germania Airlines ավիաընկերության վաճառքի գծով մենեջեր Ֆլորիան Շթայլը հայտնել է, որ ավիաընկերությունը հիմնադրվել է 1986 թվականին, համագործակցում է եվրոպական 20 խոշորագույն ընկերությունների հետ և չվերթներ է իրականացնում Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 55 քաղաքների ուղղությամբ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |