Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:Կարևորելով հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության մակարդակից:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել և ընդլայնել հայ-չեխական կապերը տնտեսության ոլորտում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ և հավելել, որ գործադիրը հետևողականորեն գնում է իրական փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ներդրումների պաշտպանվածությունը:
Պետր Միկիսկան ողջունել է ՀՀ նոր իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ Չեխիան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն իր առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում: Դեսպանը տեղեկացրել է, որ չեխական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ կոնկրետ ոլորտներում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին ՀՀ կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար ու անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |