Արմինֆո. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ինչպես կոնկրետ համայնքներին բնորոշ առանձին, այնպես էլ ընդհանուր խնդիրներին:
«Մարզային առողջապահությունը պետք է զարգանա, և դուք դրանում ձեր էական դերակատարումը պետք է ունենաք մեր օգնությամբ և ֆինանսական հատկացումների առավել արդյունավետ բաշխմամբ: Ֆինանսների որոշակի վերաբաշխում նախատեսվում է, և մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան, հնարավոր է բարձրանան եկող տարի ևս: Ընդ որում` դա արվելու է մեր ռեսուրսների հաշվին` առանց հավելյալ ծախսերի»,-մարզպետարանների առողջապահության վարչությունների ղեկավարներին փոխանցել է նախարար Թորոսյանը:
Հանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այս խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում:
«Ժամանակին տարբեր մարզերի համակարգային խնդիրների լուծմանն առողջապահության նախարարության ներգրավվածությունը տարբեր է եղել: Մոտեցումը փոխվում է: Հիմա բոլորի հետ աշխատում ենք նույն մոտեցմամբ, նույն մեխանիզմով: Ցանկացած կարևոր հարց միշտ պետք է համաձայնեցվի մեզ հետ` անկախ նրանից` ով ով է: Քաղաքականություն որոշողն առողջապահության նախարարությունն է: Դա փոխանցվել է նաև մարզպետներին»,- ընդգծել է առողջապահության նախարարը:
Մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները` կապված շտապօգնության, ծննդօգնության, համայնքային ամբուլատորիաներին առնչվող որոշ հարցերի կարգավորման և այլնի հետ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |