Արմինֆո.
Ս.թ. սեպտեմբերի 5-ին Երևանում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ IDBank-ի հետ համատեղ, կազմակերպել էին «Ֆրենչայզինգը Հայաստանում» մեկօրյա համաժողով:
Կարևորելով Հայաստանում ֆրենչայզինգի զարգացման հեռանկարներն ու ամերիկյան գործարարների հետ հայ ներդրողների կապերի ակտիվացումը՝ IDBank-ը, հովանավորելով ամերիկյան դեսպանության այս նախաձեռնությունը, նպատակ ունի աջակցել հայ ներդրողներին և ամերիկյան գործարարներին բացահայտելու Հայաստանում ֆրենչայզինգի գործունեության հնարավոր ոլորտներն ու համագործակցության հեռանկարները։
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Ամերիկյան երեք խոշոր կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի, Baskin Robbins-ի և Domino’s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարար և պետական պաշտոնյաներ։ Ամերիկյան կողմը ներկայացրեց ֆրենչայզինգի իր հայեցակարգը, տեղական հայտնի ընկերությունների ներկայացուցիչներն էլ խոսեցին բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության մասին:
IDBank-ի Միջազգային առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Իննեսա Ամիրբեկյանն իր ելույթում ներկայացրեց բանկերի կողմից ֆրենչայզների ֆինանսավորման լուծումներն ու հնարավորությունները: «Բանկերը կարևոր օղակ են հանդիսանում ֆրենչայզինգի ներդրման և զարգացման գործում, քանի որ, ինչպես դա ընդունված է համաշխարհային պրակտիկայում, բանկերը հատուկ մասնագիտացված բաժինների միջոցով ֆրենչայզինգի ոլորտում ներգրավված իրենց հաճախորդներին առաջարկում են ոչ միայն ֆինանսական ծառայություններ, այլ նաև բարձր մասնագիտական խորհրդատվություն և համագործակցություն։ Չնայած Հայաստանի բանկային համակարգում ֆրենչայզինգի ֆինանսավորման ծրագրեր դեռ չեն գործում, IDBank-ն առաջարկում է հատուկ լուծումներ այն գործարարներին, որոնք մտադիր են սկսել կամ ընդլայնել իրենց բիզնեսը ֆրենչայզինգի միջոցով»,- ասել է Իննեսա Ամիրբեկյանը։
Նշենք, որ նմանատիպ համաժողով կազմակերպվել է 2015թ․ին, ինչի արդյունքում Tutti-Frutti Frozen Yogurts-ը տեղի գործընկերների հետ ձեռք բերված ֆրենչայզինգի պայմանավորվածության համաձայն Հայաստանում հիմնեց ընկերության երկու կետ։
Ի գիտություն խմբագիրների՝
Բանկը հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթեւ արդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կողմից` որպես փայատիրական կոմերցիոն բանկ` «Անելիք Բանկ» անվանումով։
2018թ․հունիսի 4-ից՝ անվանափոխությունից հետո, բանկը ներկայանում է որպես IDBank։
IDBank-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար բանկ, դառնալ առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում`հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։
Բանկը հանդիսանում է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, Հայ-Գերմանական Հիմնադրամի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքետինգի աջակցության կազմակերպության, Միջազգային միգրացիոն կազմակերպության, Համաշխարհային Բանկի միջազգային վարկային ծրագրերի մասնակից:
Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի միության, SWIFT համակարգի անդամ, «ԱրՔա» ՓԲԸ բաժնետեր, Mastercard եւ Visa համակարգերի անդամ:
Բանկն ունի 14 մասնաճյուղ, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Աբովյանում, Գավառում, Էջմիածնում, Սեւանում եւ Վանաձորում:
Բանկի բաժնետերերն են՝ Fistoco ընկերությունը (Վարդան Դիլանյան)՝ 60% եւ Credit Bank-ը (Թարեք Խալիֆե)`40%:
IDBank-ի Հասարակայնության հետ կապերի բաժին