Արմինֆո.«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի 6 տուրօպերատորներ սեպտեմբերի 25-28-ին Փարիզում Հայաստանը ներկայացրել են Եվրոպայի խոշորագույն՝ «Top Resa 2018» զբոսաշրջային ցուցահանդեսին։ Ասոցիացիայի անդամ 2 և մեր շուկայում գործող 4 այլ տուրօպերատորներ Հայաստանը Փարիզի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել են միասնական տաղավարով։
Ինչպես տեղեկացրել է կազմակերպության Հանրային կապերի խումբը, հայաստանյան տուրօպերատորները «Top Resa 2018»-ից վերադարձել են միջազգային գործընկերների շրջանում մեր երկրի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ապահոված ու նոր գործնական պայմանավորվածություններով։
«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախաշեմին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանի վրա, անհրաժեշտ էր մեր երկիրն ու զբոսաշրջային հմայքը ներկայացնել ոլորտի կարևորագույն միջազգային միջոցառումներից մեկում՝ «Top Resa 2018»-ում։ Այս էքսպոն դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսք ապահովելու շահավետ հարթակ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երևանի ու Փարիզի միջև ուղիղ ավիաչվերթ է գործում»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։
Որպես Հայաստանի գրավչություններ, ներկայացված են եղել գինու, արկածային, գյուղական, էկո զբոսաշրջության հնարավորություններն ու պատմամշակութային ժառանգությունը։ Օրինակ, «Ոսկեվազ» գինու գործարանը ներկայացրել է գինու տուրիզմը՝ հետաքրքիր էկոհամակարգով, Հայկական գորգի ազգային կենտրոնը շեշտադրել է Հայաստանի գորգագործության անկրկնելի ավանդույթները, «Ջրաղացի մոտ» հյուրատունը՝ գյուղական տուրիզմի գրավչությունները և այլն։
Նշենք, որ «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղևորահոսք ապահովող 13 տուրօպերատորներ՝ պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու նպատակով։
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |