Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր, ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի ստորագրումը, 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:
Ըստ փաստաթղթի հիմնավորումների, նշված միջոցներն ուղղվելու են «2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը, 156,915,705.5 հազ ՀՀ դրամ), ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից, ասվում է փաստաթղթում:
Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն ԱՄՆ դոլար է: Այն 2017 և 2018 թվականների համար բաղկացած է առանձին ենթածրագրերից, համապատասխանաբար`40 մլն ԱՄՆ դոլար և 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Ծրագիրը միտված է ՀՀ ֆինանսական շուկաների ընդլայնմանը: Այն, մասնավորապես, ներառում է, (ա) Վարկառուի պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման գործելակերպի և քաղաքականության հզորացում, (բ) պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավում, (գ) ֆինանսական գործիքների բազայի և ներդրողների ընդլայնում և կորպորատիվ թափանցիկության ամրապնդում:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում սահմանված ժամկետներում վերը նշված ոլորտներում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը, որոնք արդեն իսկ ամբողջությամբ իրականացված են:
Հիշեցնենք, որ «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր, ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի վավերացումը խորհրդարանում տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին: ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարել էր, որ խոսքը գնում է բյուջետային աջակցության մասին, և այդ վարկն արդեն նախատեսված է 2018 թվականի պետբյուջեով: Նրա խոսքերով, 40 մլն դոլարի վարկը թույլ կտա ապահովել ֆինանսական կայունություն: Վարկի մարման ժամկետը կազմում է մինչև 2031 թվականը ներառյալ, երեք տարի արտոնյալ պայմաններով: «Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի վարկ ստանալու համար մինչև 2017 թվականի վերջը: 2020-ին մենք կկատարենք վարկային վճարումները 24 փուլով», - ասել է փոխնախարարը: Նա հիշեցրել է, որ բյուջետային աջակցության վարկը տարբերվում է այլ տեսակի վարկերից, քանի որ չունի հատուկ նպատակային ծախսերի ծրագիր: Այս վարկը կծածկի ծախսերի և եկամուտների միջև դեֆիցիտը, բյուջետային կայունության ապահովման համար: Ֆինանսների փոխնախարարը շեշտել է, որ 2019 թվականից Հայաստանի կառավարությունը չի ներգրավի բյուջետային վարկեր և ձեռնամուխ կլինի տնտեսության ամրապնդման նպատակային վարկերին: «Այսինքն, ներդրումներ կլինեն ենթակառուցվածքներում, այն ոլորտներում, որոնք հիմք կհանդիսանան ապագա տնտեսական աճի համար», - ասել է Արմեն Հայրապետյանը: