Արմինֆո.Հաջորդ տարվանից սկսած հայկական «Տրինիտի Կանյոն Այգիներ՚ գինու գործարանը, որը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության զարագցման նախաձեռնություն» (OASI) ծրագրի շահառու է, ձեռնամուխ կլինի օրգանական գինու արտահանմանը: Այս մասին լրագրողներին ասել է գործարանի գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը` Վայոց ձորի մարզում ԵՄ պատվիրակության ճաանաչողական շրջագայության շրջանակներում:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` Հ. Սաղաթելյանը նշել է, որ գինու գործարանում հիմնադրման օրվանից արտադրվել է օրգանական գինի, սակայն արտադրանքը սերտիֆիկատ է ստացել միայն այս տարի: Արտադրանքի առյուծի բաժինն արտահանվում է մի շարք եվրոպական երկրներ` Շվեդիա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն եւ ԱՄՆ, իսկ ներքին շուկայում իրացվում է մասնագիտացված խանութներում: Միջին հաշվով, արտադրության ընդհանուր ծավալը կազմում է տարեկան 30 հազար շիշ:
«Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանի ապագան է: Եվ մեր ամենագլխավոր խնդիրն արմատվերին վերադառնալն է և օրգանական գինի արտադրելը, որը մեր նախնիներն արտադրել են ավելի քան 6 հազար տարի առաջ:
Այսօր մենք փորձում ենք շուկայում տեղ ստեղծել «պատմական գինիներ՚ պայմանական անվան տակ, որը հույս ունենք աստիճանաբար համալրել տարածաշրջանի այլ արտադրողների` Վրաստան եւ մեր մյուս հարեւանների հետ: Եվ այդ դեպքում եվրոպացին կցանկանա համտեսել այն գինին, որից անմիջականորեն սկիզբ է առնում գինու պատմությունը», - ասել է նա:
Նշենք, որ «Տրինիտի Կանյոն Այգիներ՚ գինու գործարանը հիմնադրվել է 2009 թվականին աշխարհի հնագույն գինեգործական շրչջաններից մեկի` Արենիի հարեւանությամբ գտնվող տարածքում: Արտադրության բուն գործընթացն սկսվել է 2013 թվականից:
Հիշեցնենք, որ Ավստրիայի զարգացման գործակալության OACI (Օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնություն) ծրագրի մարկետինգի մասնագետ Կարինե Սարգսյանն ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է 20%, որի ընդամենը 0,01% -ը օրգանական արտադրանքն է: Արտադրության փոքր ծավալները փորձագետը պայմանավորել է արգանական արտադրանքի առավելությունների մասին հասարակայնության անբավարար իրազեկմամբ, ինչը, անշուշտ, ազդում է սպառման մակարդակի վրա: Միեւնույն ժամանակ, Կ.Սարգսյանը նշել է, որ հայկական օրգանական արտադրանքը որակով գերազանցում է եվրոպական երկրների արտադրանքի որակը` հաշվի առնելով կլիմայական պայմանները եւ արեւոտ օրերի քանակը:
OASI-ն Հայաստանում մեկնարկել է 2015 թ. հունվարին եւ իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ: Նախաձեռնությունը նպատակաուղղված է օրգանական գյուղատնտեսության զարգացմանը եւ Հայաստանի օրգանական արտադրանքի իրացմանն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3,3 մլն եվրո:
ՀՀ մաքսային ծառայության վերջին տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստանը արտահանել է 2.8 մլն լիտր գինի, տարեկան 50.5 տոկոս աճով, իսկ մաքսային արժեքն ավելացել է 81% -ով, մինչեւ 10.78 մլն դոլար: