Արմինֆո.Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից կարող են տուժել Հայաստանի հետ ենթակառուցվածքային նախագծերը: Նոյեմբերի 6-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Նրա ասելով, խոսքը վերաբերում է, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ՚ միջազգային փոխադրամիջանցքի նախագծին: Ընդ որում, տնտեսագետը համոզմունք է հայտնել, որ պատժամիջոցներում կան նաև դրական գործոններ, օրինակ, կարելի է սկսել լոգիստիկայի զարգացումը, ինչպես նաև ազատականացնել Հայաստանի և ԵԱՏՄ երկրների հետ Իրանի առևտրի ընթացակարգերը: Նրա ասելով, եթե առևտրային ընթացակարգերը պարզեցվեն, կաշխուժանան երկու երկրների միջև տնտեսական շփումները, և դա հատկապես նկատելի կլինի փոքր և միջին բիզնեցի պարագայում:
Ատոմ Մարգարյանը փաստել է, որ պատժամիջոցներն արդեն հարվածել են ԻԻՀ տնտեսությանը, արձանագրվել է տնտեսական անկում, ինֆլյացիան կազմել է 47-48 տոկոս գործազրկությունը հասել է բնակչության 1/3-ին: Այդ համատեքստում նա նշել է, որ 2015 թվականին Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի տնտեսությունը արձանագրել էր կտրուկ վերելք, նավթի արտահանումը գերազանցել էր 2,8 մլն բարելը, ինչը վկայում է երկրի լուրջ տնտեսական ներուժի մասին, ինչպես նաև ԻԻՀ լուրջ դիրքի մասին` տարածաշրջանային խաղացողի տեսանկյունից:
Միևնույն ժամանակ, Մարգարյանը կարծում է, որ ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու շուրջ ժամանակավոր համաձայնագիրը չի տուժի նոր պատժամիջոցների արդյունքում և կհարմարեցվի նոր իրողություններին: Տնտեսագետը նաև կարծում է, որ առևտրի այդ բնագավառում Ռուսաստանի նկատմամբ դեռ ֆրոնտալ ճնշում չկա: «Անկասկած, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրները շահագրգռված են Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմամբ, սակայն գոյություն ունեն խոչըդնոտներ, որոնք իրանական կողմը պետք է վերացնի: Անհրաժեշտ է հաշվեկշռել մաքսային գանձումները, լուծել տրանսպորտային և շատ այլ հարցեր՚, - նշել է նա, ընդգծելով տնտեսական նախագծերի իրագործման անհրաժեշտությունը փոխզիջումների և կառավարությունների աջակցության պայմաններում:
Հավելենք, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում է ոչ միայն «Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի, այլև էներգետիկ միջանցքի ստեղծման, Արաքսի վրա ՀԷԿ կառուցման նախագծերը: