Արմինֆո.Իսպանական «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչները մտադրություն ունեն Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան:
Ընկերության ներկայցուցիչներ այդ մասին հաղորդել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ: Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում իրականացվելիք բոլոր ծրագրերը, փորձ է արվել գտնել համագործակցության փոխշահավետ եզրեր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այժմ իրականացվում են քամու ներուժի չափման աշխատանքներ: Այս համատեքստում Գարեգին Բաղրամյանը հավելել է, որ նախարարությունը շահագրգռված է ընկերության հետ համագործակցության հեռանկարով, պատրաստակամ է քննարկել ընկերության գնային առաջարկները։ Փոխշահավետ առաջարկի դեպքում կցուցաբերվի համապատասխան աջակցություն` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
Հիշեցնենք, որ հողմակայանի կառուցման շուրջ փոխըմբռնման մասին հուշագիրն արդեն ստորագրվել է: Հողմակայանի սահմանված հզորությունը կկազմի 150-200 ՄՎտ: Այդ առնչությամբ ընթացիկ տարվա հունվարից ընկերությունը ձռնամուխ է եղել քամու ներուժի գնահատման աշխատանքին: 80 մետր բարձրության վրա տեղադրվել են երկու դիտակայան և մեկ "Sodar" համակարգ: Ընկերության ներկայացուցիչ Միգել Արարեսն ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էր, որ «Աքսիոնան» մշակում է Սևանա լճի շրջանում հողմային էլեկտրակայանի կառուցման նախագիծ: «Տեղն առայժմ վերջնականապես չի որոշվել, սակայն միանշանակ է, որ հողմային էլեկտրակայանն այդ շրջանում ենք կառուցելու՚, - նշել էր Միգել Արարեսը, հավելելով, որ ընկերությունը հետաքրքրություն է դրսևորում նաև Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցման նկատմամբ: Հավելենք, որ վերականգնվող աղբյուրների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության հատվածի ձեռնարկությունների շրջանում համաշխարհային առաջատար իսպանական «Աքսիոնա» ընկերությունն այս տարի 600-700 մլն եվրո կներդնի «էներգետիկ պարկերի՚ կառուցման գործում: Ֆիրմայի ղեկավարությունը մտադիր է մինչև 2020 թիվը համանման ծավալի տարեկան ներդրումներ կատարել «այլընտրանքային էլեկտրականության՚ նախագծերում: Այդ ժամանակահատվածում ենթադրվող ներդրումների ընդհանուր ծավալը 3,5 մլրդ եվրո է, որից 2 մլրդ կներդրվի ընկերության օբյեկտներում, որոնք կառուցվում են Իսպանիայի սահմաններից դուրս: «Մենք ուսումնասիրել ենք աշխարհի գրեթե 100 երկրների պայմաններն ու առաջարկությունները, որոնք հետաքրքրություն են դրսևորել արևի ճառագայթներից և քամուց էներգիա արտադրող էլեկտրակայանների կառուցման նկատմամբ: Այժմ պետք է ընտրենք այն նախագծերը, որոնք մեզ համար առաջնային կլինեն՚, - ասել է ընկերության նախագահ Խոսե Մանուել Էնտրեկանալեսը` «Աքսիոնայի» բաժնետերերի ժողովում:
Հիշեցնենք, որ չափումներ է իրականացնում նաև Արաբական Միացյալ Էմիրությունների «Աքսեն Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթիդ՚ ընկերությունը, որը մտադիր է մինչև 150 ՄՎՏ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ կառուցել Հայաստանում: Հողմային էներգիայի ռեսուրսներն ուսումնասիրելու նպատակով ընկերությունը 80 մետր բարձրությամբ աշտարակ է տեղադրել Գեղարքունիքի մարզում:
Դեռ 2003 թվականին ԱՄՆ վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան (NREL) կազմել էր Հայաստանի հողմային ներուժի քարտեզ, որի համաձայն, տնտեսապես հիմնավորված հողմաէներգետիկ ներուժը գնահատվում է 450 ՄՎտ` 1.26 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: