Արմինֆո. «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը, հայտնում է ՌԵ մամլո ծառայությունը:
Ինչպես տեղեկացրել է ՀԿԵ մամուլի ծառայությունը, հանդիպման մասնակիցները քննարկեցին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գործունեության հետ կապված մի շարք հարցեր և հետագա անելիքները:
Հակոբ Արշակյանը նշեց, որ ՀԿԵ գործունեությունը և ընկերության կողմից իրականացվող ներդրումների առաջնային խնդիրը Հայաստանի տնտեսության զարգացումն է: Այս պահի դրությամբ ռուսական կողմը զգալի միջոցներ է ուղղել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը:
Դրական են գնահատվել նաև ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում ՀԿԵ-ն գնել է երկու ժամանակակից ЭП2Д էլեկտրագնացքներ՝ մեկն արդեն շահագործվում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով, իսկ մյուսը նույն երթուղում կսկսի գործել 2019 թվականի առաջին եռամսյակում:
Հայկական կողմն ընդգծեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատանքի կարևորությունը Հայաստանի տարածքում և նշեց, որ պատրաստ է հետագա փոխշահավետ համագործակցությանը:
Բացի այդ, հանդիպման մասնակիցները անդրադարձան ՀԿԵ ուղևորափոխադրումների Հայաստանի կառավարության կողմից սուբսիդավորման, Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման կատարելագործման, պետական հատուկ պահպանության անհրաժեշտություն ունեցող օբյեկտների և ՀԿԵ գործունեության զարգացման ռազմավարության հարցերին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |