Արմինֆո.ՀԱԷԿ-ում ԱԱԾ արձանագրած խախտումները, ինչպես նաև նախկին ֆինանսական չարաշահումները խոսում են այն մասին, որ եղել են պատշաճ կառավարմանն առնչվող խնդիրներ, որոնք հարկավոր է լուծել: Դեկտեմբերի 6-ին լրագրողներին այդ մասին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը` մեկնաբանելով ԱԷԿ-ում ԱԱԾ վերջին բացահայտումները:
Դեկտեմբերի 3-ին ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ ձևակերպելով և ապրանքների իրական գներն այդկերպ ուռճացնելով, ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն ՀՀ դրամ գումարով, այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը:
Նախարարի պաշտոնակատարի ասելով, բոլոր պետական ընկերություններում այդ թվում, «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր՚ ՓԲԸ-ում և ՀԱԷԿ-ում ստուգումները կրելու են շարունակական բնույթ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ բացահայտումներից հետո ՀԱԷԿ-ում սպասվում են պաշտոնանկություններ, Բաղրամյանը հայտարարել է. «Պաշտոնանկություններ և կառուցվածքային փոփոխություններ լինում են բոլոր ընկերություններում: Այս պահին առավել ակտիվ աշխատանք է տարվում «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ում, որտեղ արդեն ընտրվել է նոր տնօրեն՚:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |