Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն և ներդրված տեխնոլոգիաներին: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Նրանց խոսքով՝ բալոնների ստացման այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, և արտադրվող բալոնները մեծ պահանջարկ ունեն իրենց հուսալիության, անվտանգության, մատչելիության, թեթևության և ամրության պատճառով։ Նմանատիպ գործարաններ կան Գերմանիայում, ԱՄՆ-ում։ Նշվել է, որ գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում։
Ընկերության ղեկավարությունը վարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել նաև զարգացման ծրագրերը, այն է՝ Վանաձորում կարբոնի մանրաթելի արտադրության հիմնման ծրագիրը, որի ներդրման ծավալը 60-80 մլն եվրո է, և իրանական SAIPA Group ավտոմոբիլային կոնցեռնի հետ համագործակցության շրջանակում Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների հավաքման ծրագիրը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Իրանից ներկրված պահեստամասերով և Հայաստանում հավաքված ավտոմեքենայի ցուցանմուշը:
Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ընկերության ընդլայնման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմով աջակցել ներդրումային նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կառավարության նիստում գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ներդրումային ծրագրի շրջանակում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման մեջ՝ ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ինչպես նիստի ժամանակ նշվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը պատրաստվում է 1.01 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումներ կատարել կոմպոզիտային գազի բալոնների արտադրության կազմակերպման գործում: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 2,4 մլրդ դրամ, սակայն աշխատատեղեր դեռ չեն ստեղծվել, քանի որ սարքավորումների ներմուծման գործընթացը շարունակվում է: Ծրագրի շրջանակներում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով, ընկերությունը մտադիր է ներդրումներ կատարել 11.1 մլրդ դրամի չափով: Ընկերության արտադրանքը հիմնականում վաճառվում է ԵԱՏՄ շուկաներում: Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը հաղորդել էր, որ Rad Sana Vashamir Group- ը ներկայացնում է Rad San Vashamir միջազգային արդյունաբերական ընկերությունը, որն աշխատում է Թուրքիայում, Թաիլանդում եւ ՌԴ-ում գործող կոմպոզիցիոն բալոնների արտադրությամբ: Լոռու մարզում «Ռադ Սան-Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումային ծրագրի իրականացում: Ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 130 միլիոն դոլար, աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին) կազմում է մինչեւ 2000: Կոմպոզիտգային բալոնների արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում էր սկսել 2017 թ. հոկտեմբերին և ավարտելւ 2018 թ. նոյեմբերին, ներդրումների ծավալը կազմում է 20 մլն դոլար, աշխատակիցների թիվը` 100 մարդ: Կարբոնային արտադրության գործարանի շինարարությունը նախատեսվում էր սկսել 2017 թ. հոկտեմբերին և ավարտել 2018 թ. նոյեմբերին, ներդրումների ծավալը կազմում է 80 մլն դոլար, աշխատակիցների թիվը `300 մարդ: Ագրո-համալիրի շրջանակներում ստեղծվող ձեռնարկությունները կզբաղվեն կաթնամթերքների (կաթի փոշի, պանիր, կարագ) արտադրությամբ, անասնաբուծությամբ (մսի արտադրության), մրգերի մշակմամբ (մրգերի փոշու արտադրություն), ինչպես նաեւ կունենա սեփական սպանդանոց: Աշխատանքը նախատեսվում էր սկսել 2018 թվականի մայիսին և ավարտել 2019 թ. մայիսին: Ներդրումների ծավալը կազմում է 30 մլն դոլար, աշխատակիցների թիվը` 300-400 մարդ: