Արմինֆո.Տնտեսական ակտիվության աճի 2018 թ. ամփոփիչ ցուցանիշը կկազմի 5,2-5,3%: Այդ մասին հունվարի 17-ին կառավարության նիստից հետո հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Խաչատրյանի խոսքով, 2018 թ. արդյունաբերության ոլորտում աճի տեսակետից գերակշռել է վերամշակող արդյունաբերության ազդեցությունը: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, մոտավորապես նույնքան կկազմի ՀՆԱ աճը 2018 թ. հունվար-դեկտեմբերին:
Նշենք, որ ՀՀ 2018 թ. պետբյուջեում ամրագրված է ՀՆԱ 4,5% աճ, իսկ 2019 թ. պետբյուջեում՝ 4,9%: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում դանդաղել է մինչև 5.7%՝ 2017 թ. 11 ամիսների 7.3%-ի համեմատ: Աճի դրայվերն են հանդիսացել`ծառայությունների ոլորտը և առևտրի ոլորտը, ինչպես նաև շինարարության, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտները, մինչդեռ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է անկում:
2018 թ. դեկտեմբերի 21-ը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, ՀՀ ֆինանսների նախարարի շատոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ 2018 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի մոտ 5 տոկոս: Տիգրան Խաչատրյանն իր հերթին նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսում կանխատեսել էր ՀՆԱ 5-6% աճ:
Մինչդեռ Հայաստանի կենտրոնական բանկը 2018 թվականի նոյեմբերին թարմացված կանխատեսման մեջ սրբագրել է ՀՆԱ աճի դիապազոնը` նախորդ 5.6-6.9% -ից մինչեւ ընթացիկ 4.6-5.1%: Կենտրոնական բանկը նաեւ վերանայել է սպասվող աճի սահմանը միջնաժամկետ հեռանկարում` 2019 թ. համար 4.4-5.5% եւ 2020 թ. համար 3.9-5.4% (համեմատ նախորդ կանխատեսված 4.6-6.4% եւ 4, համապատասխանաբար `1-6.2%): Համաշխարհային բանկը բարելավել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Հայաստանում 2018 թվին` նախորդ 4.1% -ից մինչեւ 5.3%: Համաշխարհային բանկը նաեւ բարելավել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Հայաստանում 2019 թ.-ին` նախորդ 4% -ից մինչեւ ընթացիկ 4.3%` մինչև 2020 թիվը 4.6% արագացմամբ: ԱՄՀ-ի ակնկալիքների համաձայն, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2018-ին կլինի ավելի ցածր, քան ավելի վաղ կանխատեսված 6 տոկոսը: