Արմինֆո.ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների նկատմամբ վերահսկողության վարչությունը (OFAC) չեղարկել է Օլեգ Դերիպասկային պատկանող En+, UC Rusal և Evrosibenergo ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է գերատեսչությունը: «Այսօր OFAC-ը չեղարկել է En+, UC Rusal և Evrosibenergo ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները` 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Կոնգրես ներկայացված ծանուցման համաձայն՚, - ասվում է հաղորդագրությունում, գրում է RNS-ը:
OFAC-ը նշել է, որ ՕԼեգ Դերիպասկան կրճատել է այդ ակտիվների նկատմամբ ուղիղ և անուղղակի մասնակցության իր բաժինը: «Այդ գործողությունը երաշխավորում է, որ En+, UC Rusal խորհուրդների տնօրենների մեծ մասը կլինեն անկախ, այդ թվում` ամերիկյան ու եվրոպական մենեջերներ, որոնք մասնագիտական կամ ազգակցական կապեր չունեն պարոն Դերիպասկայի կամ պատժամիջոցների ցուցակից որևէ այլ անձի հետ, և ամերիկյան մենեջերները կունենան En+ բաժնետոմսերի զգալի փաթեթ՚, - ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշել է, որ ընկերությունները նաև պայմանավորվել են «ԱՄՆ ֆինանսների նախարարության համար իրենց գործունեության աննախադեպ թափանցիկության մասին և ստանձնում են աուդիտի, սերտիֆիկացման և հաշվետվության լայն և մշտական պահանջները՚:
«Պարոն Դերիպասկայի նկատմամբ բոլոր պատժամիջոցները մնում են ուժի մեջ՚, - ընդգծվում է փաստաթղթում: 2018 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել ռուսաստանյան 24 ֆիզիկական և 14 իրավաբանական անձերի նկատմամբ, որոնց թվում էին նաև գործարար Օլեգ Դերիխպասկան և նրան պատկանող En+, UC Rusal և Evrosibenergo ընկերությունները:
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբեր 19-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների նկատմամբ վերահսկողության վարչությունը (OFAC) ԱՄՆ Կոնգրես ծանուցում էր ուղարկել En+, UC Rusal և Evrosibenergo ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին: 2019 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ ֆինանսնեի նախարար Սթիվեն Մնուչինը հաստատել էր նշված ընկերություների նկատմամբ պատժամիջոցնեիր չեղարկման հավանականությունը: Նախարարը նշել էր, որ ձեռնարկությունները կարող են բախվել իրական հետևանքների` ընդհուպ սահմանափակման միջոցների վերսկսումը, եթե խախտեն ստանձնած պարտավորությունները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պատժամիոցները տարածվել են նաև UC Rusal-ի կառուցվածքում ներառված Երևանի «Արմենալ՚ գործարանի վրա, որը ոչ միայն ԱՄՆ, այլեւ Եվրամիության երկրներ պատրաստի արտադրանքի խոշորագույն արտահանող է: ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հնամեմատ կրճատվել է 12 տոկոսով` մինչև 26714 տոննա: Վիճակագրական տվյալների համաձայն, միայն նոյեմբերին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը կրճատվել է 9,7 տոկոսով` մինչև 2004 տոննա: