Արմինֆո. Հայաստանի կառավարության առաջիկա հնգամյակի ծրագրի նախագիծը նախատեսում է կապիտալի շուկայի մեխանիզմների ստեղծում:
Ինչպես ասվում է կառավարության ծրագրի նախագծում, ձեռնարկատիրական ակտիվներում մասնավոր ներդրումները կայուն զարգացման կարևոր նախապայման են։ Արտադրության միջոցները պետք է շարունակաբար նորացվեն: Նշված գործընթացն անհրաժեշտ ծավալով սպասարկելու հարցում էական նշանակություն կունենան ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումները։ Համապատասխանաբար, պետք է զարգացվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կխրախուսեն ներքին խնայողությունների ավելացումը և դրանց ներդրումների համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի օտարերկրյա ներդրումների պաշտպանության մեխանիզմների զարգացման հարցերին:
Նշվում է, որ տեղական կապիտալի շուկայի զարգացումն այդպիսի հնարավորություններից մեկն է։ Քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտատոմսերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով իրենց խնայողությունների դիվերսիֆիկացման և այդ եղանակով՝ ավելի բարձր եկամտաբերությամբ ներդրումների համար։ Այլընտրանքային ֆինանսական գործիքների ընդլայնումը խրախուսելու հարցում (օրինակ՝ ներդրումային ֆոնդերի զարգացման միջոցով), այլ անելիքների թվում, կարևորվելու է նաև ոչ ֆինանսական հատվածի կազմակերպությունների կողմից Առաջնային հրապարակային տեղաբաշխման եղանակով (IPO) ծրագրերի ֆինանսավորման խթանումը։
Անհրաժեշտ է լինելու ստեղծել գրավիչ պայմաններ՝ օտարերկրյա կապիտալը Հայաստան բերելու համար։ Նշվածն իրագործելու համար Կառավարությունը գործելու է մի քանի ուղղություններով։ Արդյունքում՝ Հայաստանում պետք է ձևավորվի կապիտալի և աշխատանքի հարկման այնպիսի միջավայր, որի պայմաններում ձեռնարկատիրական ակտիվների շահագործումը կապահովի առավել բարձր շահութաբերություն։
Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից կարևորվելու է պետություն - մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշվածը մի կողմից` կապիտալի շուկայի զարգացման և օտարերկյա ներդրումներ կլանելու զգալի հնարավորություն է, իսկ մյուս կողմից` բարելավված ենթակառուցվածքների շնորհիվ կարող է էապես բարձրացնել այլ ծրագրերում օտարերկյա ներդրումների ներգրավման արագությունը և նշված ծրագրերի մրցունակությունը։
Իսկ առայժմ բանկային վարկավորումը շարունակում է մնալ առավել ազդեցիկ գործիքը Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ծրագրի համաձայն, բանկային վարկավորման համար արգելքների նվազեցումը պետք է դառնա Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի միջև համագործակցության հաջորդ կարևոր հարցը: Կառավարությունը մասնավոր հատվածի համար կտրամադրի երաշխիքներ, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել ֆինանսական ռիսկերն ու ավելացնել մասնավոր հատվածի վարկային ռեսուրսների մատչելիությունը, այդ թվում` տոկոսադրույքների նվազեցման շնորհիվ, նշված է ծրագրի նախագծում: