Արմինֆո. 2019 թվականին Հայաստանը շուրջ 356,9 մլրդ դրամ (733 մլն դոլար) կուղղորդի կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը, որը 2018 թվականի վերջին կազմել է 6 372,9 մլն դոլար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչությունում:
Մասնավորապես, 356,9 մլրդ դրամից 198,9 մլրդ դրամ կհատկացվի պարտքի հիմնական գումարի մարմանը (85,2 մլրդ դրամ արտաքին պարտքի գծով և 113,7 մլրդ դրամ ներքին պարտքի գծով), իսկ 158 մլրդ դրամ` տոկոսների վճարմանը:
Ինչպես նշել են գերատեսչությունում, եթե 2009-2016 թթ. տոկոսային վճարումներին ուղղորդվել է պետական գանձարանի ծախսերի միջին հաշվով 4,2%-ը, ապա արդեն 2017 թվականին այդ ցուցանիշը հասել է մինչև 8,1%, իսկ այս տարի կկազմի 9,6%: Դրանից 89,2 մլրդ դրամ կուղղորդվի արտաքին պարտքի գծով տոկոսային վճարումներին, իսկ 68,8 մլրդ դրամ` ներքին պարտքի գծով:
2018 թվականին տոկոսային վճարումներին համար հատկացվել է 139 մլրդ դրամ (2017թ. փաստացի 122,1 մլրդ դրամի փոխարեն), մասնավորապես, 75 մլրդ դրամ արտաքին պարտքի գծով և 64 մլրդ դրամ ներքին պարտքի գծով:
Հայաստանի ամենախոշոր արտաքին վարկատուները Համաշխարհային բանկն է
(WB) ի դեմս Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA), որին բաժին է ընկնում արտաքին վարկերի 25,9%, և նույնպես ՀԲ խմբի անդամ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD)` 16,5%: Խոշոր վարկատուների ցուցակում են նաև Ասիական զարգացման բանկը (ADB)` 17,1% և Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)` 7,4%: Հայաստանի վարկատուների շրջանում առաջատար են Ռուսաստանը` 7,6%, Ճապոնիան` 5,6%, Գերմանիան` 5,1% ու Ֆրանսիան` 3,1%, իսկ ահա Չինաստանն ու ԱՄՆ Հայաստանին վարկավորել են, համապատասխանաբար, 0,5%-ի և 0,4%-ի չափով:
X ժամ
Մինչև 2054 թվականը կառավարության պարտքի մարման ժամակացույցի համաձայն, պետական պարտքի սպասարկման առումով ամենաանախորժը կլինեն 2020 թիվը և 2025 թիվը: 2020 թվին Հայաստանն ստիպված է լինելու 2018 թվականի վերջի դրությամբ ձևավորված կառավարության ողջ պարտքի հիմնական գումարի մարմանն ուղղորդել շուրջ 417 մլրդ դրամ կամ 857 մլն դոլար (դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը 1դոլար = 486.55 դրամի), իսկ 2025 թվականին հարցի գինը կկազմի շուրջ 406 մլրդ դրամ (834 մլն դոլար): Երկու դեպքում էլ նշված գումարից 500 մլն դոլար կազմում են եվրապարտատոմսերի գծով մարումները: Այդպիսով, ինչպես հայտարարում են փորձագետները, հենց 2020 թվին պարտքի գծով հերթական վճարումից առաջ Հայաստանը կորոշի դիմել եվրապարտատոմսերի հերթական` 3-րդ թողարկման:
Հայաստանի պարտքերը թանկանում են
Այսօր Հայաստանն իրականացրել է եվրապարտատոմսերի երկու թողարկում: Առաջին թողարկումն իրականացվել է 2013 թվականի սեպտեմբերի 19-ին` 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր 7 տարի մարման ժամկետով` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Տեղաբաշխման ժամանակ եկամտաբերությունը կազմել է 6,25%: Դրանցով կառավարությունը վաղաժամկետ մարել է Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլարի պարտքը: Որպես հիմնական անդերրայթեր հանդես են եկել Deutsche Bank AG-ը, London Branch-ը, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc: 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ հայկական առաջին տրանշի եվրապարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է մինչև 4,39%:
Սուվերեն պարտատոմսերի 500 մլն դոլարի երկրորդ տրանշը` 10 տարի ժամկետով և 7,5% եկամտաբերությամբ, Հայաստանն իրականացրել է 2015 թվականի մարտի 19-ին: Եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումից մուտքերը կազմել են 488 մլն դոլար: Այդ պարտատոմսերի իրացումից ստացված գումարից 200 մլն դոլար ուղղորդվել է 2020 թվականի մարման առնչությամբ պարտատոմսերի առաջին թողարկման հետգնմանը: Մնացած գումարը փոխանցվել է Հայաստանի միասնական գանձապետական հաշվին և ուղղորդվել երկրի բյուջետային համակարգ: 2019 թվականի հունվարիր 31-ի դրությամբ դրանց ընթացիկ եկամտաբերությունը գնահատվում է 5,46%:
Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի հավաստմամբ, եվրապարտատոմսերի նոր, երրորդ թողարկումը տեղի կունենա մինչև առաջին տրանշի պարտքի գծով վճարումները, որը նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին: Ինչպես նշել է Մարգարյանը, թողարկման ծավալը կլինի համանման այն գումարին, որը կուղղորդվի եվրապարտատոմսերի գծով պարտքի մարմանը` 500 մլն դոլար: Եվս 33-ական մլն դոլար Հայաստանը 2020 թվի մարտին և սեպտեմբերին կուղղորդի եվրապարտատոմսերի կտրոնների վճարմանը:
Միևնույն ժամանակ, եվրապարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Ֆինանսների նախարարության համար ինքնանպատակ չէ: Նախքան նման որոշում կայացնելը կուսումնասիրվի կապիտալի ներքին շուկայի ներուժը, արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավման հեռանկարները: Արդեն նոր թողարկման մասին որոշում կայացնելուց հետո Ֆինանսների նախարարությունը կհրավիրի հնարավոր ներդրողներին և կներկայացնի Հայաստանում առկա իրադրությունը: Վերջիններն արդեն իրենց բիզնես-նախապատվությունների հիման վրա որոշում կկայացնեն ներդրումային պորտֆելները հայկական ինքնիշխան արժեթղթերով համալրելու նպատակահարմարության մասին: Փորձագետների կարծիքով, վատթարագույն սցենարի դեպքում տեղաբաշխման եկամտաբերությունը կկազմի տարեկան 8-8,5%, սակայն ֆինանսական իշխանություններն ակնկալում են 7-7,5 % և ավելի պակաս: