Արմինֆո.2018 թ. Հայաստանում արձանագրվել է ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: 2018 թ. երկրի արտահանումը ԵԱՏՄ կազմել է $2.4 մլրդ: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ, <Եվրասիական փորձագիտական ակումբի> անդամ Աշոտ Թավադյանը՝ ներկայացնելով <Հայաստանի տնտեսությունը 2018 թվականին՝ ԵԱՏՄ անդամության համատեքստում> զեկույցը:
Փորձագետի կարծիքով, երկրի տնտեսության զարգացման համար ամենակարևոր ցուցանիշն արտահանումն է: <Դա նույնիսկ ավելի կարևոր ցուցանիշ է, քան ՀՆԱ-ն: Այդ պատճառով ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովման համար մենք պետք է հասնենք մինչև 50% կամ $6 մլրդ արտահանում/ՀՆԱ հարաբերակցության>,- ընդգծել է Թավադյանը:
Նրա խոսքով, 2018 թ. էապես աճել է տեքստիլ արտադրանքի արտահանումը՝ 65%-ով: Մրգերի արտահանումն աճել է երկու անգամ: Ձկնարդյունաբերության աճը ավելացել է 34%-ով, ավելացել է նաև ծխախոտի արտահանումը՝ 12%-ով: Հատկանշական է, որ Եվրոպա և Չինաստան գունավոր մետաղների հանքանյութի արտահանումը կրճատվել է 8%-ով: Տնտեսագետը գտնում է, որ ընդհանուր առմամբ դրա հետ է կապված արտահանման աճի տեմպի նվազումը: Եթե ԵԱՏՄ անդամ երկրներում պետական պարտքի և պետական բյուջեի դեֆիցիտի հարցում էական հիմնախնդիրներ չկան, ապա արժեզրկման եւ, հատկապես, ազգային արտարժույթի հարցում նշվում են էական անհամաձայնություններ: Փորձագետի խոսքով,անհրաժեշտ է հստակորեն պահպանել ԵԱՏՄ Պայմանագրի 63 հոդվածի պահանջները արժեզրկման մակարդակի վերաբերյալ եւ աստիճանաբար իջեցնել պայմանագրում արժեզրկման մակարդակների միջեւ տարբերությունը մինչեւ 3%-ի: ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի համար առանցքային խնդիր է դառնում համաձայնեցված արտարժույթային քաղաքականություն վարելը: Շատ կարեւոր է բարձրացնել կարգապահությունը եւ հստակ կատարել պայմանագրային պարտավորությունները ԵԱՏՄ բոլոր անդամների կողմից, այդ թվում՝ մակրոտնտեսական ցուցանիշների մասով:
Թավադյանի խոսքով անհրաժեշտ է նաև ակտիվացնել ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների աշխատանքը՝ Վրաստանով դեպի Հայաստան երկաթուղու խնդրի լուծման նպատակով: <Վրաստանով Հայաստան երկաթուղու վերականգնումը թույլ կտա զգալիորեն ավելացնել ոչ միայն դեպի Վրաստան և Հայաստան, այլ նաև Իրան ապրանքաշրջանառությունը>,- ասել է Եվրասիական փորձագիտական ակումբի> անդամը: