Արմինֆո. Այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարելի է գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի մամուլի ծառայությունը:
««ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։ Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, ով ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում։
Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (on-line) ռեժիմով։ Բջջային hավելվածի օգտագործումը բավական մատչելի է․ հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին:
Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկա¬տվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։
Ուշադրությու՛ն․ Ձեզ պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ բջջային հավելվածի միջոցով գրանցվող պատահարների մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել և համոզվել, որ Ձեր ԱՊՊԱ պայմանագրում լրացված է ճիշտ էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշված է սխալ էլեկտրոնային փոստի հասցե, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը և ճշգրտեք այն։ «ASWA» բջջային հավելվածի հղումներն են «App Store» հարթակում՝ https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455
«Google Play Store» հարթակում՝ https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa:
Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցերին կարող եք ծանոթանալ Բյուրոյի կայքում՝ https://www.appa.am/index.php?al=agreed_declaration հղումով>,- նշվում է բյուրոյի տարածած հաղորդագրությունում: