Արմինֆո. Երեւանի "Ինժեներական քաղաքում" նախագծվել է CubeSat նանոարբանյակի մոդելը: Այդ մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հավելելով, որ նախագծի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:
Նախարարը տեղեկացրել է, որ արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումները կներկայացվեն Starmus գիտության և արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա հանրապետությունում 2021 թվականի սեպտեմբերին: Արշակյանի խոսքով ՝ այս ոլորտում կադրերի առումով Հայաստանը լավ ներուժ ունի։
Նախարարը տեղեկացրել է նաեւ Հայաստանում կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման նախագծի մասին, որի գործունեությունն ուղղված կլինի նաեւ տեղական ցանցային ռեսուրսների անվտանգության բարձրացմանը: Խոսքը, մասնավորապես, այդ նպատակով cloud-ծառայություններ ստեղծելու մասին է ։
Խոսելով ՏՏ ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ Արշակյանը հաղորդել է, որ ընթացիկ տարվա 8 ամիսներին հարկային արտոնություններ են տրամադրվել 134 նորաստեղծ ընկերությունների, որոնք աշխատում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Ըստ նախարարի ՝ նորաստեղծ ընկերությունների բաժնետերերը հայրենակիցներ են ԱՄՆ-ից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից և աշխարհի այլ երկրներից։ Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացրել է Արշակյանը, 2019-2020 թվականների ընթացքում Հայաստանում ՏՏ ոլորտում գրանցվել է 364 ընկերություն, որոնց գործունեությունը թույլ է տվել բացել շուրջ 960 աշխատատեղ: Բացի այդ, ինչպես նշվել է, այս ոլորտում աշխատող եւս 11 ընկերություններ լիցենզիա ստանալու ընթացակաարգում են։
Արշակյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համաճարակի շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակկկաճգնաժամային ծրագրերին: Մասնավորապես, 17-րդ ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար դրամաշնորհների տրամադրում, լավագույն հինգ նախագծերը ստացել են 22 մլն դրամի ֆինանսավորում։ Ընդ որում, առավել հետաքրքիր գաղափարները ներկայացվել են պարետատան քննարկմանը։