Արմինֆո.Հունիսի 30-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, իր ելույթում Արման Խաչատրյանն անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած լայնածավալ միջոցառումներին, որոնց կիզակետում են տնտեսության առավել տուժած ոլորտներն ու առավել խոցելի սոցիալական խմբերը: Կարևորվել է տնտեսական աճը խթանող տարածաշրջանային համակարգված գործողությունների, նորարարական և կայուն զարգացման, մրցակցության խթանման անհրաժեշտությունը:
Արման Խաչատրյանն անդրադարձել է նաև գլոբալ համավարակի պայմաններում նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքներին: Մասնակիցներին ներկայացնելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտումները` ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ պահվածքը շարունակում է վտանգել տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը: Շեշտվել է, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ի թիվս այլի գերության մեջ պահելով հայ զինծառայողներին ու պատանդառված քաղաքացիական անձանց:
Առցանց հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև միակողմանի հարկադրանքի միջոցների և շրջափակման անընդունելիությունը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը և առևտրի դյուրացմանը՝ որպես ՍԾՏՀ հիմնական նպատակների:
Նիստի արդյունքներով՝ ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվել է Վրաստանին, իսկ Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |