Արմինֆո. Team Telecom Armenia–ն համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Team-ը դառնում է ազգային հավաքականի գործընկերը, լինելու է ազգային թիմի կողքին և օգնելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia–ն դառնում է Հայաստանի ազգային հավաքականի գործընկերը և իր աջակցությունն է ցուցաբերելու ֆեդերացիային խաղադաշտերի կոմունիկացիոն ենթակառուցվածքները արդիականացնելու և VAR համակարգը ներդնելու հարցում:
«Ֆուտբոլը աշխարհում ամենաթիմային խաղն է: Թիմայնությունը նաև մեր ընկերության կորպորատիվ մշակույթի հիմնարար սկզբունքն է, ուստի խորհրդանշական է, որ Team-ը նոր բրենդով առաջին խոշոր համագործակցությունը սկսում է հենց ազգային թիմի հետ», -նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ուրախ է, որ Team Telecom Armenia-ն միանում է մեր ֆուտբոլային ընտանիքին: Մենք միշտ ուրախ ենք նոր գործընկերներ ունենալ, հատկապես այն պահին, երբ մենք լիահույս ենք՝ Հայաստանի հավաքականը կանգնած է մեծ հաջողության շեմին: Ինչպես ասում է Հայաստանի հավաքականի կարգախոսը՝ միասնությունն ուժ է, և ես կարծում եմ, որ միասնական ջանքերով, մենք էլ ավելի մեծ բարձունքների կհասնենք», - նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Team Telecom Armenia ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև այլ ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:
Team Telecom Armenia ընկերությունը (նախկին «ԱրմենՏել»), հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը, տրամադրում է հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջական փաթեթ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է նաև Beeline ապրանքանիշի ներքո:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |