Արմինֆո. Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ: Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,-ասել է նա։
Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։
Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու
հնարավորությունների մասին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 26 - ին, մրցույթի արդյունքում, Հայաստանի կառավարությունը «Մասդար» ընկերության հետ համաձայնագիր էր ստորագրել Թալին քաղաքի մոտ 200 ՄՎտ հզորությամբ "Այգ-1" ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման մասին: Ավելի վաղ «Մասդար» ընկերությունը հաղթող էր ճանաչվել Այս ֆոտովոլտաիդային արդյունաբերական կայանի կառուցման նախագծերի մրցույթում ։ Ընկերությունն առաջարկել է արեւային արտադրության ապագա օբյեկտից բավականին ցածր սակագին ՝ 0,0290 դոլար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց՝ առանց ԱԱՀ-ի։ Բաժնետոմսերի 85%- ի շահառուն «Մասդար» ընկերությունն է, իսկ 15% - ը պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ): Շինարարությունը կիրականացվի 2 տարում։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 174 մլն դոլար։«Մասդարը» ԱՄԷ-ի Mubadala Investment Company-ի դուստր ձեռնարկությունն է, որի ընդհանուր ակտիվները կազմում են 220 մլրդ դոլար, եւ վերականգնվող էներգիայի ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը: Նշենք, որ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման ծրագրի համաձայն, մինչեւ 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվեն մինչեւ 1000 մեգավատ ընդհանուր սահմանված հզորությամբ արեւային էլեկտրակայաններ: