Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությւոնը, Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է հայ և գերմանացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստեղծել են վստահելի գործընկերություն՝ հիմնված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և շահերի վրա:
Փոխվարչապետը բարձր է գնահատել GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն է հայտնել Գրասենյակին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։
Հանդիպման ընթացքում համագործակցության հեռանկարային ուղղություններից է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ու այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայում «ԹՈՒՄՈ» կենտրոնի պաշտոնական բացումը։ Որպես փոխգործակցության այլ ոլորտներ՝ կողմերն ընդգծել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև մշակութային տուրիզմի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում արձանագրած տնտեսական աճը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում գործարկված քաղաքացիների սպասարկման գրասենյակների գրանցած արդյունքները և տարբեր ուղղություններով Հայաստանի հետ կայուն ու ինտենսիվ համագործակցության հույս է հայտնել։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |