Արմինֆո. Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի ծրագիրը սեղմ ժամկետներում իրականացվի:Այն տարածաշրջանային նշանակություն ունի եւ կարևոր է Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Այդ մասին մայիսի 11-ին Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
"Դա շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համար, որովհետև դուք գիտեք, որ մենք "սվոփ" գործարք ենք իրականացնում Իրանի հետ։ Դա նաեւ շատ կարեւոր է տարածաշրջանային էներգետիկ տարանցման համար: Դրան զուգահեռ տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական կանոնների իրագործում, ինչը նշանակում է, որ դա շատ կարևոր ենթակառուցվածք է, որը նաև հնարավորություն է տալիս Իրանին մեր միջոցով միանալ այդ միասնական շուկային", - ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետը նշել է, որ հարցը քննարկվել է Իրանի էներգետիկայի նախարար Ալիաքբար Մեհրաբիանի հետ, քանի որ շինարարության մեջ ներգրավված է իրանական կազմակերպություն: "Մենք կարծիքներ փոխանակեցինք, եւ հույս ունենք, որ հարավային մասը մենք կավարտենք մինչեւ տարեվերջ։ Ընդ որում, որքան ես տիրապետում եմ տեխնիկական բնութագրերին, դա կլինի ամենաբարդ մասը։ Ինչ վերաբերում է Հյուսիսային մասին, ապա, կարծում եմ, որ մենք ծրագրից չենք շեղվել և կավարտենք", - ասել է նա։
Անդրադառնալով նախագծի երկու անգամ երկարաձգմանն առնչվող հարցին՝ Մհեր Գրիգորյանը, որպես պատճառներից մեկը, նշել է հայտամրցույթների երկարատև ընթացքը։ "Հիմնական խնդիրն այն է, որ մրցութային գործընթացները երկարատեւ են, եւ կան մրցույթներ, որոնք երեք անգամ չեն կայացել ։ Չեմ ուզում հիմա թվարկել հիմնական պատճառները։ Բայց, այնուամենայնիվ, մենք ձգտում ենք ապահովել լայն մասնակցություն, քանի որ նախագծերը շատ խոշոր են", - ամփոփել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 556 կմ ընդհանուր երկարությամբ "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագիծը թույլ կտա ապահովել ելք դեպի Սեւ ծով եւ դեպի եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի - Կապան-Գորիս-Երեւան - Աշտարակ-Գյումրի - Բավրա) եւ Վրաստանի տարածքով: Ներդրումային ծրագիրը նպատակ ունի ապահովել Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահման) և հարավի (Իրանի հետ սահման) կապը միջազգային բարձր չափանիշներին բավարարող տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով և դուրս գալ համաշխարհային շուկաներ։ Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը գնահատվում է 3.5 մլրդ դոլար, որից 1.5 մլրդ անհրաժեշտ է միայն Սիսիան-Ագարակ հատվածի համար, որը ներառում է Սիսիան-Քաջարան ճանապարհը (920 մլն դոլար), թունելը (7 կմ, 250 մլն դոլար) Քաջարան-Ագարակ ճանապարհը (32 կմ, 249 մլն դոլար):