Արմինֆո. Ռուսական կողմի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում մինչեւ սեզոնի սկիզբը կհաջողվի նվազեցնել լարվածությունը Վերին Լարսի հսկիչ անցակետում: Այդ մասին հունիսի 1-ին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այդ կապակցությամբ նա հաղորդել է, որ հունիսի 11-ին "Վերին Լարս" անցակետում մտադիր է հանդիպել ռուս գործընկերների հետ՝ անցակետում անցունակության արագացման հնարավորություններն ուսումնասիրելու համար: Նախարարը նշել է, որ ստեղծված կուտակման պատճառը եվրոպական ֆուրերի կողմից Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքների հարկադրված շրջանցումն է՝ ռուսական շուկա ապրանքների մատակարարման համար, որոնք այսօր իրականացվում են Թուրքիայի եւ Վրաստանի տարածքով:
"Հասկանում ենք, որ դա շատ ծանր խնդիր է արտահանողների համար։ Բայց մենք աշխատում ենք միաժամանակ մի քանի ուղղություններով", - ասել է Քերոբյանը, հիշեցնելով հունիսի 15-ից լաստանավային հաղորդակցության գործարկման մասին, որի աշխատանքի սուբսիդավորման համար՝ առաջիկա կես տարում, ՀՀ կառավարությունը հատկացրել է 2.5 մլրդ դրամ։
Լրագրողների դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակից ելնելով լաստանավային ընկերությունները Սեւ ծով դուրս չեն գալիս, էկոնոմիկայի նախարարը հակադարձել է: Այդ կապակցությամբ նա հաղորդել է, որ աշխատանքներ են տարվում նաեւ վրացական Փոթիի նավահանգստի եւ ռումինական Կոնստանցայի միջեւ լաստանավային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Քերոբյանը նշել է, որ մինչեւ փետրվար այդ աշխատանքներն իրականացրել է ուկրաինական "Ուկրֆերի" ընկերությունը, սակայն ռազմական դրության պատճառով ստիպված է եղել դադարեցնել դրանք:
Լաստանավային հաղորդակցության վերականգնումը, ինչպես պարզաբանել Է Քերոբյանը, կարեւոր է նաեւ եվրոպական երկրների շուկաներ հայկական արտահանման կազմակերպման տեսանկյունից: Այս առնչությամբ նա նաեւ հաղորդել է, որ ԵՄ ուղղությամբ հայկական արտահանումը նվազել է։ Սակայն, ընդհանուր առմամբ, չնայած դժվարություններին, ապրիլին Հայաստանին, ինչպես ընդգծել է նախարարը, հաջողվել է ոչ հումքային ապրանքների արտահանումը ավելացնել 20 տոկոսով, ընդ որում, հանքարդյունաբերության ոլորտի մատակարարումները հայտնվել են անկման մեջ:
Հիշեցնենք, որ տարբեր գնահատականներով, Վրաստանի տարածքում Ռուսաստան մուտքի են սպասում մինչեւ 3 հազար խոշոր բեռնատարներ Հայաստանից, Վրաստանից եւ Թուրքիայից:
Մայիսի 30-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում "Վերին Լարս" անցակետում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը նշել է, որ մեքենաների կուտակումը պայմանավորված է անցակետերի թողունակության սահմանափակ հնարավորություններով: Նա պարզաբանել է, որ Թուրքիայից Ռուսաստան ապրանքահոսքի էական ավելացման պատճառով "Վերին Լարսը" չի դիմանում ծանրաբեռնվածությանը: Ավտոմոբիլային հաղորդակցության ծանրաբեռնվածության վրա որոշակի դեր է խաղացել մի շարք ընկերությունների կողմից լաստանավային փոխադրումների դադարեցումը՝ կապված Սեւ ծովում տիրող իրավիճակի հետ (ռուս-ուկրաինական հակամարտություն, որի կապակցությամբ ծովում հայտնաբերվում են ականներ - խմբ.):
Նշենք, որ այսօր կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել արտահանողների ակցիա, որոնք իշխանություններից պահանջում են շուտափույթ լուծում տալ խնդրին, որի հետեւանքները կարող են ծանր լինել երկրի տնտեսության համար: